Հասարակություն

Մեկնարկում են ավարտական- միասնական քննությունները. բուհ դիմողների թիվը պակասել է 1500- ով

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Առջևում ավարտական-միասնական քննություններն են: Հանրապետությունում ձևավորվել է 34 քննական կենտրոն և արդեն համապատասխանաբար կահավորվում են քննական կենտրոնները:  Այս տարի բուհ ընդունվելու համար դիմում հայտ է լրացրել 12346 դիմորդ: Դիմորդների թիվն այս տարի շուրջ 1500-ով նվազել է: Փոխարենը աճել է արհեստագործական ուսումնարաններ և քոլեջներ դիմողների թիվը: 

Բոլոր պետական ու ոչ պետական բուհերում դիմորդների գործերի ընդունելությունն արդեն ավարտվել է և վաղը  մեկնարկում են միասնական քննությունները: Միասնական և ավարտական քննություններին մասնակցելու համար այս տարի հայտագրվել է 12346 դիմորդ: Այս թիվը, սակայն, մոտ 1500-ով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ: Այս տարի ևս ամենամեծ թվով դիմում հայտերը լրացվել են «Հայոց լեզու և գրականություն» առարկայի համար, որին հաջորդում են «Մաթեմատիկան» և «Օտար լեզուները»:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի տեղեկացմամբ` հանրապետությունում քննությունների համար ձևավորվել է 34 քննական կենտրոն, որոնցից 10-ը` մայրաքաղաքում: Ինչպես այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, քննական կենտրոններն արդեն կահավորված են և պատրաստ  քննություններին։ «Տեղադրված են թե խլացուցիչ սարքերը, թե հեռուստացույցները: Այժմ միայն մաքրման աշխատանքներ են կատարվում»,- ասաց։

Դիմորդները վաղը քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: ԳԹԿ-ից հայտնում են, որ «Կենսաբանություն» առարկայի համար իրենք ստացել են շուրջ 1300 հայտ, «Աշխարհագրությունից»` 250 և «Ընդհանուր պատմությունից» 170 հայտ:

Զրուցեցինք նաև բուհերի ընդունեղ հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հետ` պարզելու, թե որ բուհում  քանի դիմորդ կա վճարովի և անվճար տեղերի համար: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը հայտնեց, որ նախատեսված 930 վճարովի և անվճար տեղերի համար ունեն 1484 դիմորդ։ «64 անվճար տեղ է, որից 9-ը նախատեսված է բանակից զորացրվածների համար և 866 վճարովի տեղ»:

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոստանտին Մանուկյանն էլ  խոսելով Բժշկական համալսարանի դիմորդների թվի մասին` նշեց, որ գործերի ընդունելության ամենաակտիվ ժամանակահատվածն իրենց բուհում եղել է մայիսի 12-ից մինչև մայիսի 26-ը: «Օրական մինչև 90 հոգի, դրանից հետո կամաց նվազել է 30, 20,10 և այդպես մինչև վերջին օրը»:

Թեև հանրապետությունում դիմորդների թվի զգալի պակաս կա,  բժշկական համալսարանն այդ տարբերությունն այնքան էլ չի զգում, քանի որ այս տարի իրենց դիմորդների թիվը վերջին տասը տարիների միջինի սահմաններում է։ «Մենք ունենք 90 անվճար և 490 վճարովի տեղ: Ունենք 878 դիմորդ, ովքեր հավասար բոլոր ֆակուլտետներ դիմել են»:

Այս տարի ևս ամենամեծ թվով դիմորդներն ունի ԵՊՀ-ն: Միայն  1-ին փուլում` Մայր բուհն ունի 3602 դիմորդ 55 մասնագիտություններով 356 անվճար և 3046 վճարովի տեղերի համար:  ԵՊՀ ընդունող հանձնաժողովի  պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ 370-ով նվազել է: Դիմորդները հիմնականում նախընրում են ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, պատմություն, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն, իրավագիտություն մասնագիտությունները, փոխարենը` հետաքրքրությունը փոքր է բնագիտական մասնագիտությունների նկատմամբ:

Back to top button