Վերլուծական

Մեծ աղմուկ ոչնչից կամ ով է խոչընդոտում Հայաստանի Եվրասիական միության անդամակցությանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին զարմացրել է այն արձագանքը, որ եղավ Աստանայում Նազարբաևի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակը ներկայացնելուց հետո: Ի՞նչ է պատահել, որ զարմանքով լի հարցադրումներ են անում լրատվամիջոցները, հարցնում է քաղաքագետը, ով նախագահ Սերժ Սարգսյկանի արդեն Ծաղկաձորում արված հայտարարության հիման վրա նշեց, որ որևէ մեկը չի էլ ասել, որ Հայաստանը Ղարաբաղի հետ միասին է մտնելու Մաքսային միություն։ «Ինչ որ մեկը մտածում էր թե Հայաստանը ՄՄ պետք է անդամակցի ինչ-որ տարածքներո՞վ։ Իհարկե՝ ոչ: Իսկ երբ ասոցացման մասին էր խոսք գնում, ինչ-որ մեկը մտածում էր, թե Ղարաբա՞ղն էլ պետք է ասոցացվի ԵՄ-ը: Ինչո՞ւ է նման աղմուկ այս դեպքում»։

Ղազախստանի նախագահ Նազարբաևը, հաշվի առնելով գոյություն ունեցող արցախյան չկարգավորված հակամարտությունը, Աստանայում Ալիևին մեջբերեց Սերժ Սարգսյանի հետ նույն սեղանի շուրջ նստած: Այդ դեպքում ճի՞շտ էր արդյոք Հայաստանի նախագահի լռությունը: Հարցին քաղաքագետը պատասխանեց, թե նախագահ Սարգսյանի առջև ոչ թե արձագանքելու, այլ նպատակին հասնելու, գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու խնդիր էր դրված։ Եվրասիական միությունում տարաձայնություններ կան Ռուսաստանի ու Ղազախստանի միջև և վերջինը փորձում է տարածություն պահել Մոսկվայի հետ և նման հայտարարություններն այդ նպատակով են արվում, համոզված է Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը միանգամայն այլ դիտարկումներ է անում Աստանայում տեղի ունեցած հանդիպումից: Դա խաղ էր։ Հայաստանը շատ է ցանկանում, որպեսզի արագ ստորագրվի ու վավերացվի Եվրասիական տնտեսական միասնական տարածքին անդամակցության փաստաթուղթը, սակայն պաշտոնական Երևանին դա թույլ չեն տալիս և գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, ասաց։

Ի վերջո՝ Լուկաշենկոն ու Նազարբաևը դեռ նախորդ նիստի ընթացքում էին առարկություններ ներկայացնում Հայաստանի ՄՄ անդամակցության հարցում: Սա շոու է, քանի որ Հայաստանի Եվրասիակայն միասնական տարածք ընդգրկվելուն խոչընդոտում է հենց Մոսկվան, համոզված է Ստյոպա Սաֆարյանը: Այստեղ հարկ է հիշեցնել Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը, ըստ որի, պետք է մի բացառիկ բանաձև գտնել, որը թույլ կտա Հայաստանին ասոցացվել Եվրոպական Միությանը: Քանի որ ԵՄ-ը դռները չի փակում Երևանի առջև, Մոսկվան էլ քայլեր է անում, որպեսզի խոչընդոտի Հայաստանի կողմից տարվող «և.. և»- ի քաղաքականությանը։

Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ՝ Հայաստանին ներքաշել են տհաճ ծուղակի մեջ։ «Սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ- ն  ասաց, լավ Հայաստան ջան, գնում ես, գնա, բայց ասա, թե որ ոլորտներում կարող ենք համագործակցել: Մոսկվան դա հասկանում է և թույլ չի տալիս, որ համագործակցություն լինի Երևանի ու ԵՄ միջեւ»։

Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանին պահել անորոշության հետ: Եթե հստակեցվեն հարաբերությունները Եվրասիական միության հետ, ապա Հայաստանը ձեռնամուխ կլինի ԵՄ հետ հարաբերությունները որոշակիացնելու գործընթացին:։ Այս համատեքստում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը նկատեց, որ Եվրասիական միությանը միանալը կհանգեցնի մի քանի հարյուր ապրանքախմբերի մաքսատուրքերի բարձրացմանը, ինչը Հայաստանում լուրջ դժգոհություն կառաջացնի նաև գործարարների շրջանում, ու այս տրամաբանությամբ հարցի մոտենալու դեպքում ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարող է ժամանակավոր լինել, ինչի մասին վերջերս խոսակցություններ են գնում, եզրակացրեց Ստյոպա Սաֆարյանը։

 

Back to top button