

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանն այսօր լսել է Բյուջե 2013-ի կատարողականի վերջին հաշվետվություններն ու ամփոփել փաստաթղթի քննարկման առաջին ՝ հանձնաժողովային փուլը: Օրենսդրության պահանջով՝ հաշվետվությունն ԱԺ նախագահի առաջարկությամբ կընդգրկվի հունսիսի 9-ին մեկնարկելիք քառօրյայի օրակարգ և կքննարկվի արդեն նիստերի դահլիճում: Իսկ այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորեները լսել են, թե ինչպես են ծախսվել բյուջետային միջոցները արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր էլ պատգամավորներին մի քանի անգամ հորդորել է մնալ քննարկվող թեմայի շրջանակում և ֆինանսական հաշվետվությունից դուրս հարցեր չհնչեցնել: Հորդորին հետևել այդպես էլ չի հաջողվել:
«Ես ձեզ հրավիրում եմ իմ աշխատասենյակ այդ հարցերը քննարկելու: Այստեղ մենք բյուջետային հաշվետվություն ենք քննարկում». տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր աշխատասենյակ էր հրավիրում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին և պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին՝ վերջինի բարձրացրած հարցն այնտեղ քննարկելու համար: Այվազյանի դիտարկմամբ ՝ հարցը Բյուջեի կատարողականի հետ ուղիղ կապ չուներ և այլ քննարկում էր ենթադրում:
Մենաշնորհն ու… ձուն
Խաչատուր Քոքոբելյանի հարցը մենաշնորհը հաղթահարելու մասին էր։ «Կարո՞ղ եք մի ոլորտ նշել, որ հստակ ձեր միջամտությամբ կարգավորվել է: Միայն խնդրում եմ նորից ձվի շուկայի մասին չխոսեք: Դա ամեն տարի լսում ենք»:
Հարցը կարևոր համարելով ՝ Արտակ Շաբոյանը որոշեց այն անպատասխան չթողնել. «Որևէ մեկը չի կարող պնդել , թե հանձնաժողովը հետևողական չի եղել որևէ բողոքի ուսումնասիրության հարցում»՝ ոչ թե կատարողականի , այլ արդեն լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահը: Ըստ նրա՝ 2013-ին հանձնաժողովը բազմաթիվ ոլորտային ուսումնասիրություններ է իրականացրել, մոտ 150 որոշում է կայացրել ընդդեմ անբարեխիղճ տնտեսվարողների: Այլ հարց, որ Հայաստանում մրցակցության վրա ազդող մի շարք գործոններ կան, որոնց քննարկումը հանձնաժողովի իրավասությունների շրջանակում չէ:
Ինչ վերաբերում է օրինակներին՝ «բավական շատ են եղել: Մի օրինակ բերեմ. «Նատալի ֆարմ» ընկերությանը գերիշխող դիրքի համար մենք տուգանեցինք 50 մլն դրամ»։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ դրանից հետո իրավիճակը «մեծ չափով» փոխվեց։
Աստանան, Հայաստանն ու Արցախի մաքսակետը
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն արդեն աշխատում է, մասնագետներ կան, բայց այն առնչություն չունի այն տեխնոպարկի հետ, որը լուծարվել է. սա արդեն մեջբերում է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հաշվետվությունից՝ ի պատասխան Վարդան Այվազյանի կարճ հարցի՝ ի՞նչ եղավ Գյումրիի տեխնոպարկը:
«Դա առանձին ձեռնարկություն էր, որն այդպես կոչվում էր, բացարձակ առնչություն չունի այն տեխնոլոգիական կենտրոնի հետ, որն աշխատում է: Շուտով կլինի նրա նաև պաշտոնական բացումը: Երկրորդ այդպիսի տեխնոլոգիական կենտրոն նախատեսվում է բացել նաև Վանաձորում, հետագայում նաև երևի Սյունիքի մարզում»:
Իսկ կատարողականի ներկայացումից հետո էկոնոմիկայի նախարարին ուղղված հարցն այլ թեմայով էր. հնարավո՞ր է արդյոք մաքսային անցակետի տեղադրումը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին: Էկոնոմիկայի նախարարն այս հեռանկարը բացառում է, Աստանայում հնչած հայտարարությունները մեկնաբանել չի ցանկանում, նաև նկատում է. միջազգային որևէ կազմակերպության Հայաստանը չի անդամակցել Ղարաբաղի հետ միասին:
Շարունակող հարցին, թե ինչպե՞ս է վարվելու Հայաստանը առանց Լեռնային Ղարաբաղի Եվրասիական միությանն անդամակցելով , Կարեն Ճշմարիտյանը հետևյալ դիտարկումն է անում. «Վարվելու ենք այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապրանքները ազատորեն շրջանառվելու են և մեր շուկայում, և ԱՀԿ անդամ երկրներում, և Եվրամիության շուկայում: Այսքան ժամանակ սա որևէ խնդիր չի առաջացրել, չէ՞: Հիմա ինչո՞ւ եք այդքան անհանգստանում երրորդ, չորրորդ երկրի նախագահի կողմից ինչ-որ նամակ ընթերցելուց: Իմ պատգամավորական գործունեությունից, երբ մենք միջխորհրդարանական միության նիստին էինք, այնտեղի նախագահը կարդաց Ալիևի նամակն առ այն, որ նա հրավիրում է Ադրբեջան, որ ֆորումն այնտեղ կայանա: Ընթերցեց ու ընթերցեց, դրան պետք չէ էական նշանակություն տալ»։
Միկոյանը, ժամանակը եւ վստահությունը
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին նույնպես հարցեր ոչ թե բյուջեի կատարման, այլ, օրինակ, Միկոյանի արձանի տեղադրման նպատակահարմարության մասին: «եթե ես լինեի, մի քիչ կսպասեի, Միկոյանի արձանի տեղադրման հարցում չէի շտապի«%
Նարեկ Սագսյանը չի կարծում, թե Երևանի թիվ մեկ խնդիրն այսօր Միկոյանի արձան ունենա՞լ, թե՞ ոչ հարցադրումն է: Մեր երկրում լուրջ խնդիրներ ունենք, ասում է։ «Վստահության խնդիր ունենք, մարդկանց հետ հարաբերվելու խնդիր ունենք, մարդկանց խանդավառելու, դրական մեսիջներ տալու խնդիր ունենք: Իսկ այս տեսակի խնդիրները շատ կարևոր հարց չեն լուծում»։
Նարեկ Սարգսյանը կարծում է, որ ցանկացած պետական գործչին գնահատական կարող է տալ միայն ժամանակը, բայց նաև գիտի, որ գույները միայն սև կամ սպիտակ չեն լինում։ «Միկոյանը միայն նեգատիվ չէ, մարդ է, ով իր կենսագրության մեջ ունեցել է և նա, և նա: Հիմա ով կտա դրա գնահատականը, դժվարանում եմ ասել»։