Հասարակություն

Լեհերի տեսանկյունից Միկոյանը ոչնչով չի տարբերվում Ստալինից եւ Բերիայից. դեսպան

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ հունիսի չորսից «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադվեն աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Անջեյ Վայդայի ֆիլմերը: Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր նշել է, որ ընտրված ամսաթիվը պատահական չէ: 1989 թվականի հենց այդ օրը Լեհաստանում անցկացվեցին խորհրդարանական առաջին ազատ ընտրությունները, որոնք ավարտվեցին «Համերաշխություն» կուսակցության հաղթանակով, ստեղծվեց առաջին ժողովրդավարական կառավարությունը, որը մեծ դեր խաղաց կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրներում: Թավշյա հեղափոխությունները Լիտվայում, Չեխիայում, Հունգարիայում, եվրոպական մի շարք այլ երկրներում, այս ամենի հետևանքն էր:

«Մենք ուզում էինք պատմել Լեհաստանի պատմության այս ուշագրավ դրվագի մասին և գիտաժողովի փոխարեն գերադասեցինք դա անել արվեստի՝ մասնավորապես Անջեյ Վայդայի ֆիլմերի միջոցով». Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու տեղեկացմամբ «Վալենսա՝ հույսի մարդը» ֆիլմով հունիսի 4-ից «Մոսկվա» կինոթատրոնում կմեկանարկի աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Անջեյ Վայդայի վեց ֆիլմերի ցուցադրությունը:

Կինոգետ Զավեն Բոյաջյանի բնորոշմամբ 88-ամյա Անջեյ Վայդան լեհական կինոյի նահապետն է, աշխարհի խոշորագույն ռեժիսորներից մեկը: Ավելի քան հինգ տասնյակ ֆիլմերի հեղինակ է, որոնցից վերջինը՝ «Վալենսա՝ հույսի մարդը» ֆիլմը էկրան բարձրացավ 2013-ի վերջին: Վայդայի «Խնկեղեգ» ֆիլմը ցուցադրվել է նաև երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառտոնի շրջանակներում:

Անջեյ Վայդան արժանացել է աշխարհի բոլոր հայտնի կինոմրցանակներին: Ֆելինիի մահվանից հետո ընտրվել է Ֆրանսիայի գեղարվեստի, կամ ինչպես ավելի հաճախ անվանում են՝ «Անմահների ակադեմիա»-ի անդամ: «Վայդան դարձավ Ֆելինիի փոխանորդը 1997 թվականին, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այս ռեժիսորի անհատականության մասին»,-ընդգծում է Զավեն Բոյաջյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, Լեհաստանի դեսպանն այսօր անդրադարձավ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը: «Նոր սերնդին Միկոյանի անունը գուցե ոչինչ չի ասում, բայց ավագ սերնդի համար նա ստալինյան գործիչ է, ֆունկցիոներ: Լեհերի տեսանկյունից Միկոյանը ոչնչով չի տարբերվում Ստալինից, Բերիայից և Կագանովիչից»,-ասում է Զդիսլավ Ռաչինսկին:

Զավեն Բոյաջյանը հիշեցրեց, որ Անջեյ Վայդայի հայրը Կատինի զոհերից է և իր համար խիստ ցավոտ պատմությանը ռեժիսորն անդրադարձել է «Կատին» ֆիլմում, որն էկրան բարձրացավ գորբաչովյան ժամանակներում: «Եթե դուք ծանոթ չեք ֆիլմին, ապա ես կառաջարկեմ, որպեսզի «Կատինը» ևս ընդգրկվի ներկայացվող ծրագրում»,-ասաց Լեհաստանի դեսպանը:

Back to top button