Հասարակություն

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի գաղտնի փաստաթղթերը՝ համացանցում. մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2014»- ը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց երկօրյա «ԲարՔեմփ Երևան 2014» ոչ պաշտոնական կոնֆերանսը, որին մասնակցում են մոտ 1800 տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ: Շատերը միմյանց հետ ծանոթացել են համացանցային տիրույթում, իսկ մոտակա երկու օրը անմիջական շփման և փորձի փոխանակման հանարավորությունն ունեն : Տարեց տարի «բարքեմփականների» թիվն  ավելանում է՝ ձևավորելով համախոհնների մի նոր համայնք:

Առաջին հավաքի կազմակերպիչներից և մասնակիցներից է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով այս տարվա միջոցառման նախաձեռնողներից է: Ըստ նրա՝ «ԲարՔեմփի» գլխավոր առանձնահատկությունը այն է, որ օրակարգը կազմվում է ոչ թե նախօրոք, այլ տեղում:

Բացի դրանից՝ միջոցառման շրջանակներում արտասահմանյան և տեղացի մասնագետների մասնակցությամբ կայանում են վարպետության դասեր: Այս անգամ մասնավորապես հանդես եկավ  Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լրագրողական հետաքննության նախագծի տարածաշրջանային համակարգող Վլադիսլավ Լավրովը, ով ներկայացրեց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործունեության գաղտազերծմամբ զբաղվող YanukovychLeaks.org համացանցային նախագիծը: «Արդեն մեզ մոտ ներկայացված է 25 հազար փաստաթուղթ, որոնք հայտնաբերված են Յանուկովիչի առանձնատան կից լճակի հատակում: Դրանք չորացրեցինք, ապա թվայնացրեցինք: Մնացել է ևս մի քանի հազար փաստաթուղթ՝ արդեն նախագահի աշխատակազմից»։

Հայտնաբերված փաստաթղթերի զգալի մասը ճղճղված է և վերկանգնումը դժվար է։ Բովանդակության առումով դրանք վերաբերվում են ինչպես ֆինանսական ահռելի գործարքներին, այնպես էլ նախկին նախագահի անձնական կյանքին: «Ինձ հատկպես տպավորեցին այն զեկուցագրերը, որոնք նախկին նախագահը ստանում էր Կիևում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների օրերին: Պարզվվեց, որ Յանուկովիչի հանձնարարությամբ հետևում էին նրա քաղաքացիական կնոջը: Փաստորեն՝ իշխանավարման վերջին օրերին երկրի նախագահը, այնուամենայնիվ, կարդում էր, թե ինչով է զբաղվում իր կինը, նույնիսկ եկեղեցում, ինչքան ժամանակ նա աղոթեց, քանի մոմ վառեց: Շատ ցինիկ էր այդ ամենը»։

Մեկ այլ վարպետության դաս կվարի համացանցային Բիթքոին թվային արժույթի հիմնադիրներից Շտեֆան Թոմասը: «Բիթքոինը արդեն 5 տարի հաջողությամբ գործում է և վստահություն վայելում հաճախորդների կողմից: Այն խթանեց նոր թվային արժույթների ստեղծումը: Այսօր Բիթքոինը լայնորեն կիրառվում է ներդրումային գործառույթներում: Թույլ կողմն այն է, որ մեր ցանցում այլ արտառժույթ չի ընդունվում: Չնայած դրան՝ Բիթքոինի դիրքերը ամուր են: Վերջին ամիսների ընթացքում փոխարժեքը աճել է, արդեն գերազանցելով 600 դոլարը՝ 1 բիթքոինի դիմաց»,- ասում է նա։

Ամեն դեպքում՝ «բարքեմփները» անհետևանք չեն մնում: Առաջին հերթին այս հավաքները խթանում են նոր կապերի և նախագծերի զարգացումը։

Back to top button