Հասարակություն

Նախագահը մասնակցեց Արմավիրի սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում մասնակցել է սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցին կառուցվել է մի քանի տարի առաջ  բացված սուրբ Սարգիս մատուռի տեղում, որտեղ կատարվում էին եկեղեցական ծեսերն ու մատուցվում էր պատարագ: Նորակառույց եկեղեցին բազիլիկ կառույց է, ունի զանգակատուն, որի ճարտարապետը Միքայել Մկրտչյանն է, իսկ հովանավորը` Սանկտ Պետերբուրգի ազգային  մշակութային ինքնավարության նախագահ,  ծնունդով արմավիրցի Կարեն Մկրտչյանը։ Բարերարը պարգևատրվել է սուրբ Էջմիածնի  սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով, և  Արմավիրի պատվավոր քաղաքացու  ոսկե մեդալով:

Արմավիրի մարզում վերջին 10 տարվա ընթացքում կառուցվել է 10-ից ավելի եկեղեցի, որը որպես աղոթատեղի  իր տանիքի տակ է ընդունում  հայ առաքելական եկեղեցու հետևորդներին: Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը մեր երկրում կարևորեց  եկեղեցաշինությունը: Արմավիր քաղաքի նորակառույց եկեղեցում  երեկ երեկոյան կատարվել է դռնբացեքի կարգ, որով խնդրվել է Աստծուն բացել  եկեղեցու դռները և ներս թողնել  ժողովրդին, որից հետո հոգևոր դասը  Արմավիրի  թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ   ջրով և գինով  օծեց  12 հիմնասյունն  ու մկրտության ավազանը: Այսօր առավոտյան շարունակվեց եկեղեցու 4 հիմնասյան  և սուրբ Սեղանի  օծումը, որին ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հոգևոր կառույցը ժողովրդով է դառնում եկեղեցի, որտեղ հավաքական աղոթք  առ Աստված  է ուղղում հավատացյալ ժողովուրդը: Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը նշեց, որ բացի այս եկեղեցուց Արմավիր քաղաքի կենտրոնում՝ Մշակույթի տան հարևանությամբ, նախատեսվել է կառուցել 2-րդ ավելի մեծ եկեղեցին: Արմավիրի սուրբ  Գրիգոր Նարեկացի եկեղեցու ճարտարապետը Միքայել Մկրտչյանն է, ով նախագծել է բազիլիկ կառույց, որը տարածված է քրիստոնեա աշխարհում:

Back to top button