Մշակույթ

Մնջախաղտ թատրոնն արդեն 40 տարի շենքի է սպասում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արդեն 40 տարեկան մնջախաղի թատրոնը դեռևս չունի իր սեփական բեմը: Թատրոնի ղեկավարներն այս խնդրի առնչությամբ շատ են թակել պատկան կառույցների դռները, սակայն սայլը տեղից չի շարժվել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի կարծիքով՝ մշակույթի նախարարության համար առաջնահերթ խնդիր պետք է լինի թատրոնի շենք ունենալը, սակայն մշակույթի նախարարության աշխատակազմի և ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը պարզաբանում է, որ թատրոնի շենքային պայմանները կարգավորելու համար չկան ֆինանսական միջոցներ, սակայն պետական միջոցներով ապահովվել է թատրոնի բնականոն գործունեությունը։ «Չեմ կարծում, որ այս դեպքում դա այնքան առաջնահերթ խնդիր է, որ պետական թատրոնին հնարավորություն չի տալիս աշխատել և նորմալ խաղացանկային ներկայացումները ներկայացնել հանդիսատեսին: Եթե մարդը ցանկանում է աշխատել, նա կարող է աշխատել նաև այն պայմաններում, ինչ պայմաններով նրան տրամադրված է հնարավորություն»,- ասում է։

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով` շենքն անհրաժեշտ է, որ դառնա արվեստի զարգացման կենտրոն: Դադասյանը լավ է ճանաչում այն բոլոր հնարավոր շենքերը, որոնք կարող են ծառայել թատրոնին: Նախկինում որոշվել էր Հյուսիսային պողոտայում մի հատված տրամադրել թատրոնին, որի նախագծողը, ի դեպ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն է եղել, սակայն հետագայում տեխնիկական խնդիրների պատճառով այդ ծրագիրը չի իրականանացել:

Հարցին լուծում չի տրվում ոչ մի կերպ, ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, սակայն հուսով է, որ թատրոնի շենքը կլինի նորից Հյուսիսային պողոտայում, սակայն մեկ ուրիշ հատվածում: Այս առնչությամբ Ժիրայր Դադասյանը նամակ է գրել քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին և սպասում է պատասխանին: «Շատ մեծ հույսեր ունեմ, որ այս անգամ պիտի հաջողենք, որովհետև ես այս նամակում նշել եմ, որ այս հարցը բարձրացվի նորանշանակ վարչապետի առջև և հույս ունեմ, որ կբարձրացվի: Եվ դա, իսկապես, այս նոր թիմով գուցե լուծում ստանա»,- ասում է։

«Ռադիոլուրը» փորձեց գործընթացի վերաբերյալ տեղեկանալ հենց քաղաքաշինության նախարարությունից, սակայն հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նախարարի խիստ զբաղված լինելու պատճառով այժմ չեն կարող պատասխանել հարցին: Ինչևէ։ Մնջախաղի թատրոնի շենք կառուցելու հատուկ ծրագիր մշակելու անհրաժեշտություն մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետն այժմ ֆինանսական խնդիրների պատճառով չի տեսնում: Սակայն նախարարության միջոցներով ապահովվել է թատրոնի գործունեությունը` վարձակալելով Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճը, բեմն ու աշխատասենյակները:

Ժիրայր Դադասյանը կարծում է, որ թատրոնի շենքն անպայման պետք է լինի քաղաքի կենտրում, քանի որ այն զբոսաշրջիկների համար պետք է դառնա կենդանի հուշանվեր: Մնջախաղի թատրոնը մեր թատերական կյանքում ունի իր ուրույն տեղն ու նշանակությունը, նշում է մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը և հավելում, որ դրա ապացույցը երկու տարին մեկ իրականացվող Ենգիբարյանի անվան փառատոնն է, որն էլ կազմակերպվում է Ծաղկաձորում:

Մնջախաղի թատրոնը տարածելու և այն աշխարհին ճանաչելի դարձնելու համար, մշակույթի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ, պետությունն 8 միլիոն դրամ աջակցություն է տրամադրում փառատոնին: Սակայն փառատոնի բյուջեից դժգոհ է մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

Back to top button