ԿարևորՔաղաքական

Հայաստանն ակտիվացնում է իր արտաքին քաղաքականության ասիական եւ լատինամերիկյան ուղղությունը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Արտաքին հարաբերություններում Հայաստանի համար արդեն ավանդական դարձած եւ կարեւոր հարցերին ու ուղղություններին այսօր գումարվում են նորերը: Անցյալ տարվա ընթացքում, օրինակ, Հայաստանը վերաբացել է Իրաքում իր դեսպանատունը եւ նորերն է հիմնել Շվեդիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում, Վիետնամում: Ընդհանրապես՝ Հայաստանը որոշել է խորացնել աշխատանքը ասիական եւ լատինամերիկյան ուղղությամբ: Սա չի նշանակում, որ նախապատվությունները փոխվել են, պարզապես, զարգացող երկրները սկսում են լուրջ դիրքեր գրավել տնտեսության մեջ: Մասնավորապես՝ դա վերաբերում է Չինաստանին: Հենց այդ պետության հետ էլ Հայաստանն ունի լուրջ ծրագրեր առաջիկայի համար: Այս ամսվա ընթացքում Չինաստանից ժամանած երեք պատվիրակություն Հայաստանում ունեցել է տարբեր հանդիպումներ եւ բանակցություններ: 

Արտաքին հարաբերություններում Հայաստանը նախանշել է համագործակցությունը խորացնելու նոր ուղղություններ: Օրինակ՝ 2015 թվականի հունվարին Հայաստանում արդեն կբացվի Ճապոնիայի ներկայացուցչությունը, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան բացման հարցը ընդամենը մի քանի ամսվա խնդիր է: Այսպիսով՝ կարելի է արձանագրել. Հայաստանին սկսել են շատ հետաքրքրել ասիական եւ լատինամերիկյան ուղղությունները:

Այս առումով մեծ թափով է զարգանում հայ-չինական համագործակցությունը: ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի ներկայացմամբ՝ շատ լուրջ մտադրված են երկու կողմն էլ։ Թվային արտացոլմամբ՝ 2013թ. հունվար-դեկտեմբերի դրությամբ` Հայաստանի եւ Չինաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 455.4 մլն ԱՄՆ դոլլար: Նախորդ տարվա համեմատ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 5.7%-ով:

Իհարկե՝ կարելի է կռահել, որ Հայաստանն ավելի քիչ ապրանք է արտահանում Չինաստան, քան՝ այնտեղից ներկրում է: Սակայն այդ ծավալների հարաբերակությունը նույնպես փոխվում է: Մինչ այսօր Հայաստանից Չինաստան արտահանվել է հիմնականում հանքաքար եւ պղնձի խտանյութ, էթիլային սպիրտ, սպիրտային թուրմ, լիկյոր, սպիրտային այլ ըմպելիք եւ ադամանդ:

Հայաստանի եւ հայկական ապրանքների հանդեպ չինացիների հետաքրքրությունը, սակայն, ավելի լայն է։ «Ներկայումս բանակցային փուլում են գտնվում չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցող ինֆրոկառուցվածքային նախագծերում։ Խոսը ճանապարհային մայրուղու եւ երկաթգծի նախագիծի մասին է: Բացի դրանից՝ բավականին լուրջ ծրագիր է ուրվագծվել եւ արդեն գտնվում է չինական կողմի մոտ, որը նախատեսում է Հայաստանի հանրային հեռուստատեսության ամբողջովին վերանորոգումը եւ վերազինումը: Մի ծրագիր կա, որ չինական կողմից արդեն նախագիծը պետք է գա, դա տարածաշրջանային նշանակություն ունեցող չինական դպրոցի շինարարությունն է Հայաստանում: Սկսվում են արդեն բանակցություններ արտոնյալ վարկ ստանալու վերաբերյալ, դա փաստորեն օգնություն է լինելու` սահմանային սկաներների ձեռքբերման համար»։ Փոխարտգործնախարարը, ի դեպ, նշեց, որ ուշադրությունից դուրս չի մնում նաեւ հիմնարար գիտության ոլորտը։

Առաջիկայում ամենամոտ հայ-չինական համագործակցությունը, հիշեցնեեմ, սեպտեմբերին է, երբ Հայաստանը՝ գործարարների ներկայացուցչական պատվիրակությամբ կմասնակցի Չինաստանում անցկացվող «Չինաստան- Եվրասիա» չորրորդ ցուցահանդեսին:

Back to top button