Հասարակություն

Համադրելով նորաձեւությունը ազգայինի հետ. ինչպես է սիրիահայ ընտանիքը հոգում առօրյա հոգսերը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երկու տարի առաջ Սանթուրյանների բազմանդամ ընտանիքը Հալեպից Հայաստան տեղափոխվեց: Դժվարություններ, խնդիրներ. դրանց առջև կանգնեցին մեր գրեթե բոլոր սիրիահայ հայրենակիցները:Պետք էր ապրել՝ թեկուզ ամեն ինչ նորից սկսելով: Սիրիայում մանկապարտեզի ուսուցչուհի Աիդան որոշեց հայաստանցիներին ծանոթացնել Մարաշի ազգային ասեղնագործության գաղտնիքների հետ:

Սանթուրյանների ավագ սերունդը Մարաշից է Սիրիա գաղթել: Կրտեսեր սերունդը՝ Սիրիայից հայրենիք է տեղափոխվել: Աիդա Սանթուրյանը ընդամենը վեց ամիս է , որ Երևանում ասեղնագործությամբ է փորձում ընտանիքի առօրյա հոգսերը հոգալ: «Պատվերները շատ չեն, բայց քիչ էլ չեն»,- ասում է։

Զրուցակիցս զարմացած է՝ «Երևանում քիչ մը հեռու են ասեղնագործութունե»։ Ասեղնագործում է բարձերի երեսներ, սփռոցներ, ակնոցի տուփեր։ Ինչպես ինքն է բնորոշում. «Նորաձևությունը համադրում եմ ազգայինի հետ։ Տեսան, որ շատ գեղեցիկ է, սկսեցին պատվիրել»։

«Ասեղնագործությունը շատ հոգնեցուցիչ աշխատանք է, Հալեպում դա հասկանում էին, և բարձր էին գնահատում, այստեղ գներից տեղյակ չեն, ասում են՝ ինչ է որ։ Բայց այդպես չէ, ժամանակ, տեսողություն եմ փչացնում։ Փորձում եմ նորմալ գներով վաճառել»:

Չնայած Աիդա Սանթուրյանի երկաթագործ ամուսինը Հայաստանից հեռացել է, այդուհանդերձ, երիտասարդ կինը չի պատրաստվում հեռանալ հայրենիքից: «Կմնամ Հայաստանում, այստեղից ոչ մի տեղ չեմ գնա»,- վստահեցնում է Աիդա Սանթուրյանը։

Back to top button