ԴԱՀԿ- ում հրավիրել էին երեխաներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում այսօր 3-12 տարեկան երեխաների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին հրավիրված էին նաև հեքիաթների հերոսներ: Շնորհավորելով երեխաներին տոնի առթիվ` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշել է, որ բոլոր այն երեխաները, ովքեր որևէ առնչություն ունեն իրենց ծառայության հետ, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են:
Երեխանրի պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպված արդեն ավանդական դարձած տոնական միջոցառումը դարձյալ համախմբել էր 3-12 տարեկան այն երեխաներին, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցով զբաղվում է Հարկադիր կատարման ծառայությունը: Տոնական միջոցառմանը հրավիրված էին 120 երեխաներ: Զվարճալի շոու ծրագրին մասնակցում էին նաև հեքիաթային հերոսները, ովքեր ուրախացնում և ծառայության կողմից անակնկալներ էին մատուցում երեխաներին:
Վեց տարեկան Վրեժն առաջին տարին չէ, որ մասնակցում է ծառայության կազմակերպած միջոցառմանը: Այսօր նրան ուղեկցում էր տատիկը՝ Սուսաննա Բեյբությանը։ «Ճիշտն ասած՝ չէի ցանկանա հայտնվել այստեղ, կցանկանայի հայտնվել ավելի լուսավոր մի տեղում թոռնիկիս հետ: Շնորհավորում եմ բոլոր երեխաներին, աշխարհի բոլոր մանուկներին, ցանկանում եմ ամուր պետականություն, ինչի հիմքը ամուր ընտանիքն է»:
«Ցավոք վերջին տարիներին շատանում է երեխաների քանակը: Այսինքն` մոտ 6 տարի առաջ 1700 երեխայի հետ էինք գործ ունենում, իսկ այժմ արդեն այդ թիվը հասել է 2500-ի: Եվ սա ծառայության ամենանուրբ կետերից մեկն է, որովհետև մենք գործ ունենք երեխաների հետ: Ես բազմիցս եմ ասել, որ հարկադիր կատարողը առաջին հերթին պետք է նաև լինի հոգեբան»,- շնորհավորելով՝ ասաց գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ ներկայումս ընթացքի մեջ է 1342 կատարողական վարույթ, որից 814-ը` մարզերից: Այդ վարույթներից 217-ը վերաբերում է տեսակցությունների ապահովմանը, 5-ը` երեխային մի ծնողից մյուսին հանձնմանը: Ինչպես նշվեց, ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունը աշխատանք է տանում շուրջ 2500 երեխայի հետ: