Հասարակություն

ՏՄՊՊՀ- ն 10 մլն. -ով տուգանեց Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր  10 մլն դրամով տուգանել է Ինտերնետ տեխնոլոգիաների ընկերությանը մենաշնորհային դիրքը չարաշահելու և am տիրությում նոր կայքեր գրանցելու նպատակով լրացուցիչ գումար պահանջելու համար։

ՏՄՊՊՀ- ն հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզել է, որ ՀՀ- ում  «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայությունները իրականացնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք։ Վերոնշյալ ընկերությունը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով: Տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ։ Սակայն, ուսումնասիրությունները պարզեցին, որ միջնորդներից մեկը՝ «ԷյԲիՍիԴոմենը» տնօրինում է շուկայի ավելի քան70%-ը: Պարզվեց նաև, որ այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ: Փաստացի, կենտրոնը ստեղծել է այս ընկերությունը՝ երկրոդային, կամ այլ կերպ ասած՝միջնորդների շուկան վերահսկելու նպատակով:

Շուկայի մնացած 30%-ը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք սակայն հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:

Այսպես. բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայքգրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որը ամբողջությամբ վճարել են  «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»։ Վերջինը իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ այլ կերպ ասած՝հետ է վերադարձրել 6 հազար դրամը՝այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը: Ստացվում է, որ միջնորդները պարտադրված են եղել սպառողներից գանձել հենց 12 հազար դրամ, որից իրենց բաժին է հասել միայն 6 հազարը. մինչդեռ եթե կենտրոնի կողմից նման քաղաքականություն չիրականացվեր, հնարավոր էր սպառողներին ավելի մատչելի գին առաջարկել:

Այսպիսով, Հանձնաժողովի դիտարկմամբ, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը»  չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը: Փաստացի, կայքերի գրանցման ծառայությունները 6 հազար դրամով վաճառել է միջնորդներին, բայց, իր հերթին նաև հիմնադրել է «Էյ Բի ՍիԴոմեն» ընկերությունը, որի միջոցով տնօրինել է շուկայի ավելի քան 70 տոկոսը և այս կերպ հավելյալ եկամուտներ ստացել։ Իրավախախտ ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության՝10 մլն դրամի չափով:

Հանձնաժողով ներկայացրած հաջորդ հարցը «Ռոստելեկոմ» ընկերության կողմից էր, «Արմենտելը» խոչընդոտել է իրենց գործունեությունը: «Ռոստելեկոմը» ծառայությունների աշխարհագրությունն ընդլայնելու և բաժանորդներին ինտերնետ կապ տրամադրելու նպատակով դիմել էր «Արմենտելին» ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ վարձակալելու համար, սակայն «Արմենտելի» օրենսդրության սահմանված վարձակալական գումարի բացի լրացուցիչ այլ վճարներ է նաև սահմանել , որը տարվա ընթացքում կազնել է մոտ 1մլն 720 հազար դրամ։ Փաստորեն՝ «Արմենտելը» «Ռոստելեկոմին» պատադրել է պայմաններ ու փորձել լրացուցիչ գումարներ ստանալ:

ՏՄՊՊՀ դիմելու հետո, սակայն, ինչպես ներկայացրեց «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, հարցը լուծվել է. «Համաձայնությա ենք եկել և «Արմենտելը» օրենքի շրջանակներում է սկսել գործել և խնդրում եմ գործը կարճել»։

Կարևորը խնդրի կարգավորումն է, սակայն մենք չենք ուզում, որ նման երևույթները դառնան օրինաչափություն և հանձնաժողովին դիմելու միջոցով խնդիրը կարգավորվի, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

Նույն կերպ խնդիրը կարգավորած էր հանձնաժողովի նիստին ներկայացել «Արփի» ընկերության արտադրության պետ Կարապետ Մարգարյանը: Ընկերության դեմ հայց էր ներկայացրել «Ջերմուկ» ընկերությունը, որով տեղեկացրել էր այն մասին, որ «Ջերմուկ գոլդ» և «Արփի» ընկերությունների արտադրանքի պիտակավորումը շփոթության աստիճան նման է «Ջերմուկ» ապրանքանիշին։ Սակայն սխալն արդեն ուղղված է. «Օգտագործում ենք արդեն «Ջերմուկ` ջուրը հայոց» անվանումը»,- ասաց Մարգարյանը։

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այս հարցում հստակեցրեց, որ պետք չէ անբարեխիղճ մրցակցություն իրականացնել: Եթե տնտեսվարողը այդ աշխարհագրական տարածքում գործունեություն չի իրականացնում՝ չպետք է սպառողին շփոթության մեջ գցի և ապրանքային նշանով հիշատակի այդ աշխարհագրական տարածքների անվանումը և թուրիմացության մեջ գցի սպառողներին: Քանի որ խախտումը վերացած է հանձնաժողովն ընդամենը նախազգուշացում տվեց տնտեսվարողներին։

Back to top button