Հասարակություն

Հունիսի 20-21 տեղի կունենա ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

«Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո հունիսի 20-21 տեղի կունենա 7-րդ ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»: Այն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Ամենամյա գործարար այս համաժողովի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին՝ գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումներ, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին ՝ մեկ տեղում հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին: Բացի դրանից, նման հավաքները խթանում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչի մասին են վկայում առաջին հանմաժողովից անցած տարիների արդյունքները, նկատեց համաժողովի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ըստ բանախոսի, մեր երկրի դիրքերի շարունակական բարելավման համար առկա ներուժի կիրառման համար հարմար հարթակներից է հենց գալիք «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»: Այդ մասին խոսվել է և օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կայացած հանդիպման ընթացքում:

Նախատեսվում է, որ այս տարի գործարար համաժողովին կմասնակցեն հայաստանայն, ռուսական և վրացական շուրջ 50 կազմակերպություններ, իսկ այցելուների թիվը կհասնի 3000 , որոնցից 500՝ կլինեն տարբեր ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության ուշադրության կենտրոնում է, հայտարարեց էկոնոմիակայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Գործարար համաժողովում կանցկացվեն թեմատիկ քննարկումներ: Ըստ փոխնախարարի, ոլորտը մեր երկրում բավականին ներկայացուցչական է: Տարեսկզբի տվյալներով, Հայաստանում գործում է ՏՏ ավելի քան 380 ընկերություն, որոնցից 159 կամ օտարերկրա ձեռնարկությունների մասնաճյուղեր են կամ գործում են արտասահմանյան կապիտալով: ՀՆԱ-ում ոլորտի մասնաբաժինը կազմում է 3,8 տոկոս, հավելեց Գարեգին Մելքոնյանը: Ընդհանուր առմամբ ոլորտում զբաղված է ավելի քան 10 հազար 500 մարդ:

Back to top button