ԿարևորՔաղաքական

Հովիկ Աբրահամյան. ՌԴ վարչապետը ցանկանում է՝ արագ անդամակցենք Եվրասիական միությանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մինսկում ավարտվել է  ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստը, Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՌԴ և ԲՀ վարչապետերի հետ: Արդեն նիստից հետո ՀՀ վարչապետն ամփոփել է Դմիտրի Մեդվեդևի ու Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպումների արդյունքները։

Արդյունավետ հանդիպում. վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես գնահատեց Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության վարչապետերի հետ առանձնազրույցները: Մեր երկրի վարչապետը ՌԴ վարչապետի հետ քննարկել է  ՀՀ  ՄՄ և Եվրասիական միությանն անդամակցելու հարցերը: Հովիկ Աբրահամյանը նկատել է՝ ՌԴ վարչպաետը միանշանակ համաձայն է, նույնիսկ աջակցում է, որ  Հայաստանը  շատ արագ  միանա Եվրասիական միությանը։ «Ինչպես ՀՀ նախագահը երեկ Աստանայում հայտարարեց,  մենք պատրաստ ենք մինչև հուլիսի մեկը ստորագրելու։ Կարծես թե՝ ՌԴ վարչապետը լիովին համաձայն էր, որ մենք որևէ կոնկրետ հարց, սկզբունքային տարաձայնություններ չունենք և  նաև իր ցանկությունն էր, որ մենք արագ անդամակցնենք»։

Աբրահամյան- Մեդվեդև հանդիպման ժամանակ կոնկրետ պայմանվորվածություններ են ձեռք բերվել: Հայկական ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար  ՌԴ 300 մլն դոլար վարկ կտրամադրի: Հովիկ Աբրահամյանը, ի դեպ, Դմիտրի Մեդվեդևին վաղուց է ճանաչում, երբ երկուսն էլ  Հայաստանի ու Ռուսաստանի կառավարություններում էին՝ Հովիկ Աբրահամյանն  առաջին փոխվարչապետն էր, Դմիտրի Մեդվեդևն էլ՝  Ռուսաստանի փոխվարչապետը: Հովիկ Աբրահամյանը մի քիչ շուտ՝ հունիսին, պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի,  իսկ Դմիտրի Մեդվեդևն էլ Հայաստան կգա այս տարվա աշնանը:

Այս տարվա աշնանը Հայաստան կայցելի նաև Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը։ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ տնտեսական ոլորտի համագործակցությունն ակտիվացնելու համար կա շատ մեծ ցանկություն։ «Առաջարկ եղավ ՀՀ- ում ունենալ տրակտորների բազա։ Ամեն դեպքում՝ մենք պայմանավորվեցինք ակտիվ համագործակցել»։

Ընդհանրապես՝ մեր երկրի կառավարության ղեկավարը շատ է կարևորում  նման ձևաչափերով հանդիպումները, քանի որ վստահ է՝ երկրի վարչապետերը կարող են բազմաթիվ հարցեր քննարկել։

Back to top button