Հասարակություն

Ինչպես դպրոցներում բարձրացնել իրազեկման մակարդակը հայոց մեծ ողբերգության մասին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

«Մարզային  նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի`  որպես ՀՀ նախագահի գործընկեր կազամակերպության  հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում  Արմավիրի մարզում իրականացնում է «Ազգային թեմաների կարևորությունն ու արդիականությունը դպրոցներում» ծրագիր: Այն կազմակերպվել է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որի նպատակն է բարձր դասարանցիների շրջանում  բարձրացնել իրազեկման մակարդակը  հայոց մեծ ողբերգության մասին:  Ծրագրի շրաջանակում  առաջին հանդիպումը կազմակերպվել էր Արմավիրի մարզի  սահմանամերձ  Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցում:

Հայոց մեծ ողբերգության պատմությունը որպես օսմանյան կայսրության որդեգրած քաղաքականություն  Գետաշենի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտներին ներկայացրեց  ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական  հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը: Սահմանամերձ բնակավայրի աշակերտներն ավելի  շատ էին հետաքրքված հայոց պատմության առանցքային իրադարձություններով և պահանջատիրությամբ: Դասախոսությունն անցկացվեց դպրոցի բաց երկնքի տակ գտնվող թանգարանում, որն օրըստորե հարստանում է տարբեր գտածոներով:

Օսմանյան կայսրությունը դեռ 19-րդ դարի վերջին նպատակադրվել էր բնաջնջել մեր ազգը և տիրանալ մեծ մեծ հայրենիքին:

Համիդյան ջարդերի ընթացքում զոհվել է ավելի քան  300 հազար հայ, այն ընդգրկել է 1894-1896թթ: Ավելի ուշ 1908թ երիտասարդ թուրքերի կառավարությունը շարունակեց համիդյան կիսատ թողած ոճրագործությունը` առաջնորդվելով պանթուրքիզմի գաղափարախոսությամբ`  Թուրքիան միայն թուրքերին: Արդյունքում թուրքացվելու էին էթնիկ միավորները` հայերը, ասորիներ, հրեաներն ու հույները, անհնազանդվելու դեպքում նրանց բնաջնջելու էին: Հայերի ցեղասպանությունն իրականցվել է 5 փուլով:  1-ին փուլում հայ տղամարդկանց 1914թ աշնանը զորակոչել են բանակ և որպես ածխատուժ զինաթափել ու ոչնչացրել են:

2-րդ փուլում թիրախ է ընտրվել  մեծ հեղինակություն ունեցող հայ մտավորականությունը, որոնք նահատակվեցին 1915թ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը: 3 -րդ փուլում կազմակերպել է հայերի տեղահանությունը, որը ևս ուղեկցվել  էր  հարձակումներով  և տանջամահությանբ:   4-րդ փուլը  հրաշքով ողջ մնացած հայերի ոչնչացումն էր համակենտրոնացված ճամբարներում:  Օսմանյան կայրության ոդեգրած քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է, որն էլ ներկայում դիտարկվում է որպես 5-րդ փուլ` ոչնչացնելով մեր պատմամշակութային ժառանգությունը և վարելով ժխտողական քաղաքականություն:

Պատմաբանը  զուգահեռներ անցկացրեց հայերի ցեղասպանության ու հույների հոլոքոստի միջև, ներկայացրեց Թուրքիայի կողմից  ցեղասպանության ճանաչման խնդրի նշանակությունը և պատասխանեց աշակերտների հարցերին` Թուրքիայի Եվրամիությանն անդամկցելու, հայ-թուրքական սահմանի բացման, ԱՄՆ-ի կողմից  ճանաչման,  Թուրքիայի փոխհատուցման, ինչպես նաև ցեղասպանությունից 100  տարի անց վաղեմության ժամկետի մասին:

Մենք ցեղասպանված ժողովրդից վերածվել ենք պահանջատեր ժողովրդի , որի շահերին տեր պետք է կանգնի մատաղ սերունդը: Արմեն Մարուքյանը տեղեկացրեց նաև, որ թուրքական արխիվներն արդեն 3-րդ անգամ են մաքրազարդվել, իսկ թուրքական դասագրքերում հայերը ներկայացված են ապստամբներ, ինքնապաշտպանական մարտերն էլ` ապստամբություն:  Թուրքիայի պետական սահմանից շուրջ 600մ  հեռավորությամբ ապրող Գետաշենցի դպրոցականները  դասախոսության միջոցով հավելեցին ցեղասպանության մասին իրենց գիտելիքները :

«Մարզային  նախաձեռնությունների և զարգացման  ծրագրերի կենտրոն»  հասարակական կազմակերպության նախագահ Արման Արշակյանը տեղեկացրեց, որ ծրագիրը դեռ կշարունակվի  մարզի մի շարք դպրոցներում, կանցկացվեն վիկտորինա-մրցույթներ, կայցելեն Եռաբլուր պանթեոն, իսկ վերջում ` Շիրակի մարզի պետական սահմանային գոտուց կդիտեն Անիի խոնարհված եկեղեցիները:

 

Back to top button