Քաղաքական

Ժողովրդագրական լուրջ խնդրի մասին վկայում է կրթական համակարգը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Աժ-ում շարունակվել է մի շարք նախարարությունների հաշվետվությունը` 2013 թվականին բյուջեի կատարողականի մասով, սակայն նախարարներին ուղղված բազմաթիվ հարցեր չեն սահմանափակվել միայն բյուջեով: Օգտվելով առիթից՝ պատգամավորները փորձում էին պարզաբանումներ ստանալ նաեւ այլ հարցերի վերաբերյալ: Օրինակ` այսօր հաստատվեց, որ Հայաստանը կանգնած է դեմոգրաֆիկ խնդրի առաջ: Առաջին հարվածը դեռ ընդունել է կրթության եւ գիտության նախարարությունը, սակայն, մոտ ապագայու,մ խնդիրն առնչվելու է նաեւ այլ ոլորտներին:

Սիրիական դեպքերից հետո այսօր արդեն Հայաստանում հաստատվել է 12 հազար սիրիահայ: Բայց սկզբում նրանք մտածել են, թե այստեղ ժամանակավոր են եւ շուտով կվերադառնան` Հայաստանում հաստատվելու հոգեբանական բարդույթներն այսպես բացատրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ «Բնակարանների խնդիրն է մնում։ «Նոր Հալեպ» ծրագիրն է հրապարակի վրա: 625 հոգի հերթագրվել են բնակարան ունենալու համար, սակայն, իրենք դեռ պատրաստ չեն գումար վճարելու, իսկ հանգանակություններն էլ այնքան չեն, որ մենք կարողանանք սկսել»,- ասում է։

Չնայած 2013-ը ռեկորդային է եղել Հայաստանի քաղաքացիություն շնորհելու առումով, բայց դեմոգրաֆիկ լուրջ խնդիրների մասին վկայում է թեկուզ միայն դրոցական համակարգը: Եթե 1998-99 թվականների ուսումնական տարում ունեցել ենք 600 հազար աշակերտ, ապա այսօր այդ թիվը 370 հազարն է, ահազանգում է Արամ Մանուկյանը։

Այն, որ դպրոցները աշխատում են շենքային ծանրաբեռնվածության ընդամենը 52-53 տոկոսով եւ որ դեմոգրաֆիկ խնդրի առջեւ առաջինը կանգնել է հենց դպրոցը ընդունում է նաեւ նախարար Արմեն Աշոտյանը: «Սա լուրջ խնդիր է ողջ պետության համար, որովհետեւ ստացվում է, որ դեմոգրաֆիական առաջին ալիքի հարվածը իր վրա է վերցնում կրթական համակարգը: Բայց այդքանով այդ ալիքը իր ավերվածությունները չի դադարեցնելու, որովհետեւ հետո գալու են բուհերը, հետո գալիս է բանակը, հետո գալիս է տնտեսություն, հասարակություն եւ այլն»։

Ի դեպ` այսօր Աժ-ում հնարավորություն կար անդրադառնալ եւս երկու խնդրի, որոնք հուզում են հասարակությանը: Առաջինը վերաբերում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին: Հաշվի առնելով, որ մշակույթի նախարարությունը պատասխանատու է նաեւ մշակութային արժեքների պահպանման համար` հարցն ուղղվեց փոխնախարար Արթուր Պողոսյանին: Համալիրի հետագա ճակատագրի հետ կապված անհանգստության պատճառն այն է, որ վաճառքի մասին հայտարարությունում բացակայում է հստակ գրառումը, որ շինությունը մշակութային արժեք է, ինչը կբացառեր շինարարական որեւէ միջամտություն։ «Այդ մշակութային արձանի սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի կամ անելու դեպքում անպայման հարկավոր է ստանալ որոշակի համաձայնություն: Ես չունեմ այդպիսի տեղեկատվություն, որ համալիրը ինչ- որ արտաքին տեսքի խեղումների է ենթարկվելու»,- ասում է փոխնախարարը։

Վերջում անդրադառնանք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ստեղծված խորհրդանիշ համարվող անմոռուկ ծաղիկի պատկերի շուրջ ստեղծված աղմուկին: Հիշեցնենք. բազմաթիվ մեղադրանքներ կան, թե <Շարմ> ընկերության կողմից ստեղծված այդ խորհրդանիշը գրագողություն է մի շարք այլ կազմակերպություններից: Նույնիսկ օրինակներ են բերվում: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ով արդեն մեկ տարի է, ինչ որեւէ կապ չունի «Շարմ» ընկերության հետ, այնուամենայնիվ, պատասխանեց լրագրողների հարցերին։

«Այդ լոգոտիպը, որը դուք ասում եք, շատ տարբեր տեղեր էլ ենք նայել, ուշադրություն դարձրել, ես էլ եմ մասնակից եղել ինչ- որ մի մասով: Նույն ձեւի լոգոտիպ չկա, կան նման լոգոտիպեր` մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ: Հիմա քանի որ այդ նկարները չկան բացատրություն չեմ կարող տալ, բայց իր գաղափարախոսությամբ եւ ընդհանրապես իր առանձին գույներով ինքը ուրիշ մի լոգոտիպ է»։

Ռուբեն Ջաղինյանը, ի դեպ, ավելացրեց՝ հստակ չգիտի, բայց չի կարծում, թե այս աշխատանքի համար պետության կողմից հատկացված գումարը շատ մեծ է եղել։

Back to top button