Քաղաքական

ԼՂՀ ԱԺ- ն ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի հայտարարությունը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցություններն այսօր հայտարարությամբ ողջունել են ԱՄՆԿալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ-ին սատարող բանաձեւը, որը ընդունվել է մայիսի 8-ին: Տեքստ հրապարկվել է այսօր Ստեփանակերտում` Արցախի խորհրդարանի լիագումար նիստում: Արցախցի խորհրդարանակնները դրանով իրենց երախտագիտությունն են հայտնել բանաձեւի հեղինակներին՝  Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամներին։

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյան

 

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հայտարարությունը
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ-ին սատարող բանաձեւի մասին

Ս.թ. մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմինը գրեթե միաձայն ընդունել է բանաձեւ, որով հավանություն է տվել և սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին, ինչպես նաեւ կոչ է արել ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարևորություն ունեցող մեր տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Կարեւորելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի բանաձեւը որպես  աջակցություն իր պատմական հայրենիքում ինքնիշխան ժողովրդավարական պետություն կառուցելու արցախահայության իրավունքին, մենք երախտագիտություն ենք հայտնում սույն բանաձեւի հեղինակներին, Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամներին:

Մենք նաեւ բարձր ենք գնահատում ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի բանաձեւում արձանագրված շեշտադրումը Հարավային Կովկասում տեւական խաղաղություն հաստատելու գործում ԼՂՀ պարտադիր ներգրավվածության մասին եւ համարում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն այսուհետեւ պետք է նպատակաուղղված լինեն համապարփակ կարգավորման գործընթացին ԼՂՀ օրինական եւ լիարժեք մասնակցության ապահովմանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հետխորհրդային տարածքում ոչ միայն պատմական, այլեւ աշխարհաքաղաքական անբեկանելի իրողություն է, որի միջազգային ճանաչումը Հարավային Կովկասում արդարացի եւ տեւական խաղաղության ու ժողովուրդների միջեւ համագործակցության հաստատման նախապայման է:

Մենք հուսով ենք, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի բանաձեւն իր արդյունավետ ազդեցությունը կունենա Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականության առաջնահերթությունների վերանայման եւ նոր շեշտադրումների որդեգրման գործընթացին:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

 «Դաշնակցություն»                                               

«Ժողովրդավարություն»

«Հայրենիք» խմբակցություններ

«Արցախատուն” պատգամավորական խումբ

Back to top button