Հասարակություն

155 հայտ, ավելի քան 200 մասնակից. «Արտ ֆեստ» փառատոնը գլխավոր մրցանակակիր չի ունեցել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը երկրորդ անգամ կազմակերպում է «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը: Նախորդ տարվա փառատոնից այս տարվանը տարբերվում է հայտատուների շատ թվաքանակով: Մասնակցել են ե՛ւ երևանյան, ե՛ւ մարզային բուհերը, անհատ ստեղծագործողներն ու մշակութային օջախները: Կազմակերպիչների նպատակն է փառատոնը դարձնել միջազգային: Այս տարվա փառատոնը նվիրված էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, «Արտ ֆեստի» հիմնադիր լուսահոգի Արմեն Մազմանյանի հիշատակին: Հիշեցնենք, որ այս տարի փառատոնը մեկնարկել է մայիսի 12-ին և ավարտվել մայիսի 22-ին:

Այս տարի «Արտ ֆեստ» փառատոնի հանդեպ հետաքրքրությունը երիտասարդ արվեստագետների շրջանում մեծացել է: 155 հայտ, ավելի քան 200 մասնակից: Ներկայացված նյութը մեծաթիվ էր, շատերն էլ անորակ, այսպես գնահատեց այս տարվա փառատոնը մասնագիտական հանձնախմբի անդամ Արթուր Բախտամյանը:
Երկու տարին մեկ ներկայացում բեմադրելը հնարավորություն չի տա երիտասարդ ռեժիսորին հղկվել իր գործում, կարծում է Արթուր Բախտամյանը և օրինակ բերում մեր այսօրվա կինոարտադրությունը, որտեղ բացակայում է ռեժիսորական աշխատանքը, որն էլ իր հերթին ընտրում է դերասան և աշխատում վերջինիս հետ: Այսօր լայնորեն առաջ են գնում մոնտաժային հնարքները, որի շնորհիվ էլ անհնարինը դառնում է հնարավոր:

Նախորդ տարվա հետ համեմատ այս տարի թեև կային լավ և հետաքրքիր ներկայացումներ, սակայն դրանցից և ոչ մեկը, ինչպես նախորդ տարի, չի արժանացել գլխավոր ոսկե մրցանակի, ասում է «Արտ ֆեստ» փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Աննա Հեքեքյանը:

«Ներկայացումները, որոնք ներկայացված էին, այնքան էլ բարձր մակարդակ չունեին, որ մենք նրանց ոսկե մրցանակ տայինք, բայց երկրորդ և երրորդ մրցանակակիրներն ավելի ուժեղ էին, քան անցյալ տարի: Երևի դա խթանում է: Եկող տարի էլի կմտածեն, թե ինչ են ցուցադրելու: Հուսանք, որ հաջորդ տարի մի քիչ ավելի զգույշ, զգոն և կրքոտ կլինեն այն ռեժիսորները, որոնք բեմադրում են և կհասկանան, որ ամեն ինչ չէ, որ պետք է բերեն և ներկայացնեն փառատոն»:

Ըստ մասնագետների` այս տարվա ներկայացումներում բացակայում էր ռեժիսորական միտքը: Չկային լավ ներկայացումներ, սակայն կային հմուտ դերասաններ: Եվ այս փառատոնը այդպիսինների համար բացեց դռներ:
Գյումրու «Դոնր» ներկայացման գլխավոր դերակատարն առաջարկ է ստացել նկարահանվել ֆիլմում: Իսկ Արմեն Մազմանյանի անվան մրցանակի է արժանացել «Թատրոն 32»-ը Պարույր Սևակ գրական-երաժշտական ներկայացման համար:
Այս տարի եղանակային անբերանպաստ պայմանների պատճառով կերպարվեստի բացօթյա որոշ ցուցադրություններ չեն կայացել: Հաջորդ տարի այս ամենից խուսափելու համար «Արտ ֆեստը» նախատեսում են կազմակերպել Նկարիչների միությունում:

Back to top button