ԿարևորՔաղաքական

Չլուծված հարցերը կրում են տեխնիկական բնույթ. ԱԳ փոխնախարարը ԵՏԳ- ին Հայաստանի միանալու մասին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Աժ-ում` մշտական հանձնաժողովների նիստերում, պետք է լսվեր 2013 թվականի բյուջեի կատարողականը արտգործնախարարության հատկացումների գծով: Բայց ժամանակի մեծ մասը պատգամավորները հատկացրեցին փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանից պարզելու, թե ինչ է տեղի ունենում Եվրասիական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու գործընթացում: Այս քննարկումների պահին, ի դեպ, Ղազախստանում արդեն ավարտվել էին Սերժ Սարգսյանի հանդիպումները` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում։

Այսօր Աստանայում որեւէ փաստաթուղթ չպետք է ստորագրվեր եւ Եվրասիական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու գործընթացում այս պահին որեւէ արտառոց բան չկա: Այդ կառույցի եւ Հայաստանի միացումը կարձանագրվի մինչեւ հունիսի 15-ը, այսօր Աժ-ում հայտարարեց փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը։ «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական համագործակցությանը ֆիքսված չէր երբեւիցե, որ այսօր կստորագրվի: Գործընթացը շարունակվում է, ՀՀ նախագահն առաջարկեց մինչեւ հունիսի 15 այն հասցնել ստորագրման` ասելով, որ մնացած խնդիրները հնարավոր է լուծել մեկ-երկու օրվա ընթացքում»։

Փոխարտգործնախարարը պարզաբանեց. այստեղ խոսքը կոնցեպտուալ խնդիրների մասին չէ: Սա այն հարցերն են, որոնք ընդգրկված էին ճանապարհային քարտեզի մեջ, բայց տեխնիկապես մինչեւ վերջ չեն համաձայնեցվել: Սա հնարավոր է լուծել առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Պատգամավոր Վահան Բաբայանը փորձեց պարզել. արդյո՞ք այդ խնդիրերը որեւէ կապ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ.

Բաբայան -ԼՂՀ սահմանին ՄՄ- ն ինչպիսինն է լինելու, ըստ այդ պայմանագրի, որին մենք ծանոթ չեն: Ղազախստանի նախագահ Նարզաբաեւն էլ հայտարարել է, որ կան խնդիրներ Հայաստանի ՄՄ-ին միանալու հետ կապված։

Մանասերյան— Հաշվի առնելով, որ ձեր տված հարցն առնչվում է սկզբունքային հարցերին, ապա ասացի, որ բոլոր չլուծված հարցերը կրում են տեխնիկական բնույթ։

Բաբայան— Դուք կարծում եք, որ ԼՂ սահմանային քաղաքականությունը ՄՄ շրջանակներում տեխնիկական խնդի՞ր է։ Ես կարծում եմ դա լրջագույն խնդիր է, բայց ինչպես տեսնում ենք, դուք չեք ցանկանում կոնկրետ պատասխան տալ այդ հարցին։  

Մանասերյան— Ես չասեցի, որ դա տեխնիկական բնույթ է կրում: Ընդհակառակը` ասեցի, որ դա սկզբունքային եւ կոնցեպտուալ հարց է եւ ասեցի, որ տարաձայնությունները չեն վերաբերվում կոնցեպտուալ եւ սկզբունքային հարցերին։

Ամեն դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող բոլոր պարզաբանումները մնացին հենց այս հարթությունում: Փոխարտգործնախարարն ասաց այնքան, ինչքան կարող էր եւ թույլատրված: Դրանից ավելին այս հարցով որեւէ բան չավելացրեց, նույնիսկ լրագրողներին զգուշացրեց՝ Ղարաբաղին առնչվող հարց իրեն չտալ:

Փոխարտգործնախարարը հաստատեց, որ նույնիսկ հունիսի 15-ից հետո Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները ԵՄ հետ հին տեմպերով: Այս համատեքստում պատգամավորներին հետաքրքրեց, թե ինչպես Հայաստանը պետք է այսուհետ կողմնորոշվի ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ համագործակցությունների միջեւ։ «Ես չեմ կարծում, որ մենք պետք է այլ նախաձեռնությամբ հանդես գանք, որովհետեւ մենք հայտարարել ենք եւ շարունակում ենք հայտարարել, որ երկու կազմակերպությունները պետք չէ դիտարկել որպես մրցակցային: Իսկ ինչ վերաբերում է մեր նախաձեռնությանը, ուղղակի այստեղ կարող եմ իմ կարծիքն ասել. չեմ կարծում, որ մենք պետք է դա անենք»։

«Ռուսաստանի կանի»,- հետեւեց ռեպլիկը, որը հեղինակը 1996- 98 թվականների Հայաստանի արտգործնախարար, իսկ այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանն էր: Վերջում հավելեմ, որ պատգամավորները օգտվեցին կանոնակարգով իրեն ընձեռնված հնարավորությունից եւ փոխարտգործնախարարի հետ շփվեցին նաեւ առանց լրագրողների մասնակցության` հրապարակման համար ոչ ենթակա հարցերի պատասխանները ստանալու նպատակով։

Back to top button