Հասարակություն

«Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի». լավագույն շարադրության հեղինակները կմեկնեն Արցախ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Զինադադարի 20-ամյակի կապակցությամբ ԿԳ նախարարությունը հայտարարել է «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» թեմայով շարադրությունների մրցույթ: Մրցույթին մասնակցել են հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտները: Լավագույն շարադրությունների հեղինակներն այսօր ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պարգևատրվել են Կրթության և գիտության ու Պաշտպանության նախարարների կողմից:

Զինադադարի 20-ամյակի կապակցությամբ ԿԳ նախարարության հայտարարած «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» թեմայով շարադրությունների մրցույթի առաջին մրցանակակիր Լուսինե Կզլյանը սովորում է համար 95 դպրոցում: Շարադրությունը գրելիս՝ ոգեշնչման առիթը եղել է մայրը, ով 20 տարվա զինծառայող է: Եթե անհրաժեշտ լինի հայրենիքի պաշտպանության գործում իր աջակցությունը կցուցաբերի նաև ինքը:

Հանրապետական ամենամյա այս մրցույթի առանձնահատկություններից էր նաև մասնակիցների աննախադեպ մեծ թիվը: Հայաստանի տարբեր շրջաններից քսան աշակերտներին մրցանակներ հանձնեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Որոշ շարադրություններ ընթերցել է նաև Պաշտպանության նախարարը: Նա կարծում է, որ թեման խորհրդանշական է և անցկացվում է խորհրդանշական ժամանակահատվածում. մայիսը հաղթանակների ամիս է և հենց այդ ամսին է ստորագրվել նաև հրադադարի համաձայնագիրը: Իսկ հիմքում ընկած է պատրաստակամությունը, որը հաղթանակների կերտման և հաղթանակի ապահովման առաջին նախապայմանն է:

Մրցույթի քսան հաղթողները նախարարությւոնների կողմից ստացան նվերներ ու պատվոգրեր, բայց ամենակարևոր նվերը դեռ առջևում է: Երկու նախարարությունների նախաձեռնությամբ հաղթող աշակերտները ամռանը եռօրյա հանգիստ կանցկացնեն Ղարաբաղում:

Back to top button