Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանականերում. Նազարբաեւը փոխանցել է Ադրբեջանի կարծիքը


Աստանայում այսօր կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որն ամրագրեց Վլադիմիր Պուտինի բնորոշմամբ տարվա գլխավոր իրադարձությունը՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը, ունեցել է բարդագույն քննարկումներ: Թեև ի վերջո և Ռուսաստանի և Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են փաստաթղթի տակ, սակայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կտրականապես դեմ է եղել, որպեսզի համաձայնագիրը ներառի նաև համագործակցության ոչ տնտեսական բաղադրիչներ:
Աստանան կասկածներ է ունեցել, թե Ռուսաստանը ոտնձգություն է կատարում Ղազախստանի ինքնիշխանության նկատմամբ: Կրեմլին հաջողվել է փարատել կասկածները, մասնավորապես փաստաթղթից դուրս են մնացել մի շարք ոչ տնտեսական հարցեր՝ ընդհանուր քաղաքացիության, անձնագրային, վիզաների, միջխորհրդարանական համագործակցության, սահմանների ընդհանրում պաշտպանության և այլ հարցերի մասին: Ի դեպ, ստեղծվող տնտեսական միավորման սահմանների մասին Ղազախստանը նույնպես լուրջ վերապահումներ է ունեցել:
Աստանայի քննարկումներում ներկա է եղել Ալիևի ստվերը: Նախագահ Նազարբաևը քննարկման ժամանակ տեղեկացրել է, որ Ադրբեջանի համոզմամբ, Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը այն սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն: «Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպություն է մտել վերապահումով՝ որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանականերում են, ինչպես ԱՀԿ-ում է: Սա պարզապես քննարկման համար»,-ասել է Ղազախստանի նախագահը:
Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի դրույթների վերաբերյալ որոշակի անհամաձայնություններ ունեցել է նաև Մինսկը: Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր թեև փաստաթուղթը ստորագրել չի հրաժարվել, սակայն նշել է, որ ամեն դեպքում իր մոտ որոշակի անբավարարվածության զգացողություն մնացել է: Այսպիսով 2015-ի հունվարի մեկից համաշխարհային տնտեսական հարթակում կգործի նոր տնտեսական միավորում, որի նկատմամբ, ինչպես Ռուսաստանի նախագահն է նշել արդեն հետաքրքրություն են ցուցաբերել աշխարհի խոշոխագույն տնտեսականան խաղացողները: