Մշակույթ

Համազգային թատրոնի շենքի համար կազմակերպվում է համազգային հանգանակություն

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը հայտարարում է համազգային դրամահավաք, որի նպատակն է իրականություն դարձնել հայ բեմի մեծ վարպետի երկար տարիների երազանքը՝ Երևան քաղաքում կառուցել համազգային պետական թատրոնի շենք: Դրա մասին այսօր հայտարարել է Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ով նաև Վիգեն Չալդրանյանի բեմադրած «Համլետ» ներկայացման գլխավոր դերակատարն է: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մայիսի 30-ին: Այն նվիրվում է Սոս Սարգսյանի հիշատակին: Նրա մահվանից հետո «Համլետը» թատրոնի առաջին պրեմիերան է։

«Երկու տարի առաջ Սոս Սարգսյանը ինձ հրավիրեց իր թատրոն բեմադրություն անելու: Ասաց՝ ինչ ուզում ես արա, մեզ մեծ գործ է պետք: Ասացի՝ հավանաբար Շեքսպիր: Շատ ափսոս, որ նա չապրեց մինչև առաջնախաղը»,- պատմում է Վիգեն Չիլդրանյանը։ Նրա բեմադրած «Համլետ»- ի առաջնախաղը կկայանա մայիսի 30-ին։ Ռեժիսորի տեղեկացմամբ՝ ներկայացումը նվիրվում է Սոս Սարգսյանի հիշատակին:

Յուրաքանչյուր արվեստասեր հուգու խորքում ունի Համլետի իր կերպարը, ուստի հարցին, թե ինչով կտարբերվի Վիգեն Չալդրանյանի ներկայացրած շեքսպիրյան ամենահայտնի ու սիրելի հերոսը, ռեժիսորը չի մեկնաբանում: Պարզապես նշում է, որ իր հերոսին մարմնավորում է տաղանդավոր մի անձնավորություն, որը հաջողությամբ կարողանում է համատեղել համազգային թատրոնի տնօրենի պաշտոնն ու դերասանի կոչումը։ Մի բան, որն արվեստում հազվադեպ է պատահում։ Խոսքը Վարդան Մկրտչյանի մասին է:

Վիգեն Չալդրանյանը խոսում է նաև այն սկզբունքների մասին, որոնք բծախնդրորեն փորձել է պահպանել այս ներկայացման մեջ։ «Ինձ համար ինչն է եղել կարևորագույնը։ Չափազանց խնամքով վերաբերել շեքսպիրյան տեքստին: Պահպանել բեմական խոսքի կուլտուրան և չմոդեռնացնել Շեքսպիրին, ինչը այսօր շատ ընդունված է»։

Այս ներկայացումով համազգայինը ևս մեկ անգամ իր ուժերից վեր ծանրույթյուն է բարձրացնում, բայց համոզված եմ, որ պատվով ենք դուրս եկել, վստահեցնում է թատրոնի տնօրեն, Համլետի դերակատար Վարդան Մկրտչյանը, ով այսօր հայտարարեց նաև համազգային դրմահավաքի մասին, որի նպատակը Սոս Սարգսյանի երկար տարիների երազանքի իրականացումն է , այն է՝ Երևան քաղաքում կառուցել համազգային թատրոնի նոր շենք։

Հիշեցնենք, որ համազգային թատրոնը գործում է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի շենքում: Սակայն կա նախագիծ, որի համաձայն Մաշտոցի պուրակում, մանկական երկաթուղու հարակից տարածքում նախատեսվում է կառուցել համազգային թատրոնի նոր շենքը: «Գաղափարը կա , սակայն առաջ շարժվել չի հաջողվում, խնդիրը ֆինասներն են»,-ասում է Վարդան Մկրտչյանը։

 

Back to top button