Հասարակություն

Ինչո՞ւ են սփյուռքահայ երիտասարդներն ազատվել զինվորական ծառայությունից. մտավորականները մտահոգված են

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Օրերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը միջնորդել է կառավարությանը` ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայ երիտասարդների զինվորական ծառայությունից ազատելու համար: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով այս հարցին` սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազճյանը կարծիք է հայտնել, որ նման քայլը բացասական է եւ հակասահմանադրական: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով` յուրաքանչյուր հարցի պետք է նայել հայրենիքի շահի տեսանկյունից:

Սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազճյանը վրդովված է` չպետք է խախտել Սահմանադրությունն ու «Զինապարտության մասին» օրենքը: Նա նկատեց, որ տասնյակ հազարավոր սփյուռքահայեր են ստացել ՀՀ քաղաքացիություն, մինչդեռ, մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր ծառայել կամ ծառայում են հայկական բանակում:
Մտահոգությունները կիսում է նաեւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Միաժամանակ, նա կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր հարց դիտարկել հայրենիքի շահի տեսանկյունից:

Գեւորգ Յազճյանը նկատում է, որ օրենքում որեւէ բացառություն նման դեպքերում չկա: Բացառությունը միայն երկու տեղ է թողնված, երբ առկա է հիվանդություն եւ երկրորդը` երբ քաղաքացիություն ստացած զինապարտության տարիքի անձը իր առաջին քաղաքացիության երկրում 12 ամիս ծառայություն է անցել: Կամ պետք է օրենքը փոխել կամ նման բաներ չպետք է անել` շեշտում է սփյուռքահայ պատմաբանը:
Հուշարձանագետ Սամվել կարապետյանը կարծում է, որ բոլոր երեւույթները միմյանց հետ փոխկապակցված են եւ խնդիրն այն է, որ թեման քննարկելով էլ բախվում ենք, հուշարձանագետի պատկերավորմամբ, ազգային տեսակի կարծրացած պատին:

Back to top button