ԿարևորՀասարակություն

«Բարեւ Երեւանը» հանդես է գալիս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը չեղյալ հայտարարելու նախաձեռնությամբ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը վաղը ավագանու նիստում հանդես կգա խորհրդային դարաշրջանի պետական- քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը չեղյալ հայտարարելու առաջարկով, այսօր Մամուլի ազգային ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ Իսկ քննարկման մասնակիցների մեծամասնությունը դեմ է հանդես եկել արձանի տեղադրմանը։ Անաստաս Միկոյանին դրական լույսի ներքո ներկայացրել էմիայն պատմաբան, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը՝ նշելով սակայն, որ չի կողմնորոշվում` արդյո՞ք հարկավոր է նրա արձանը տեղադրել, թե՞ ոչ։ Այսօրվա քննարկմանը հրավիրված են եղել նաեւ Երևանի ավագանու ԲՀԿ-ական և ՀՀԿ-ական անդամներից Թամարա Պողոսյանը, Լևոն Իգիթյանը, Արա Երնջակյանը  և կողմ քվեարկած այլ մտավորականներ, ովքեր, սակայն, հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Ավագանու անդամներից ներկա էին միայն «Բարև Երևան» խմբակցությունից Դավիթ Սանասարյանը և Անահիտ Բախշյանը: 

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարայնը չի կողմնորոշվում՝ արժե՞ արդյոք Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել Երևանում, թե՞ ոչ: Միկոյանն իր համար հակասական կերպար է, բայց վերջինս դեմ է նաև հնչող այն մեղադրանքներին, թե Միկոյանը հայ ժողովրդի համար ոչինչ չի արել ու նրա արձանը պետք է տանել ու կանգնեցնել միայն Կրեմլում։ Ակադեմիկոսը մեջբերում է պատմաբան Դերենիկ Մուրադյանին՝ հիշեցնելով , որ երբ 37-ին Բերիան Հայաստան եկավ, Անաստաս Միկոյանը հրահանգել է տասը մարդու չբանտարկել, որոնց թվում եղել են Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Վարդան Աճեմյանը և այլն։

Ի պատասխան ակադեմիկոսին` խորհրդային տարիներին  քաղբանտարկյալ, ներկայումս իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ սրիկա մշտապես չեն լինում և աշխարհի բոլոր սրիկաներն էլ մեկ կամ տասը անգամ կարող են լավ բաներ անել, ինչպես օրինակ՝ Երևանի բանտապետ Մուղդուսին, որ ինչ- որ կալանավորների նկատմամբ բարի է եղել, բայց դա նրա արձանը կանգնեցնելու հիմք չէ։

Վարդան Հարությունունյանն ասում է, որ Միկոյանը ստալինյան բռնությունների մասնակիցն է ու բացարձակ նշանակություն չունի, թե այյդ բռնությունները նա արել է իր կամքին հակառա՞կ,ստիպվա՞ծ, թե՞ հարկադրաբար։ «Դա բավարար պայման չէ, որ մոռանանք հասարակ մարդկանց, որոնց գնդակահարել են նրա ստորագրությամբ»,- ասում է։

Քննարկմանկ ներկա Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մելս Մովսիսյանը տարբերություն չի դնում Միկոյանի և նրա արձանը տեղադրելու որոշումն ընդունողների միջեւ։ «Երկու կողմն է լ ուզում են Հռոմի պապից կաթոլիկ լինել։ Միկոյանը Ստալինի համար է եղել ավելի լավ կաթոլիկ, իսկ «կողմ» քվեարկողները՝ ուզում են Պուտինի մոտ ավելի լավ կաթոլիկ լինեն»,-հայտարարեց նա։

Անաստաս Միկոյանի անունը պետք է հիշվի ոչ թե արձանով, այլ երշիկով, «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանն է ասում, ու ողջունելու է այն մանկավարժներին, ովքեր իրենց աշակերտներին արձանը կցուցադրեն՝ ասելով, որ ինչպիսին չպետք է լինի մարդը և հայ մարդն ընդհարապես։ «Դեմ եմ վանդալիզմին, բայց եթե արձանը տեղադրվի՝ կձեռնարկի նաև նման քայլեր՝ ներկեր կլցնի արձանի վրա, որոնք կդժվարանան քերել»։

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ նկատեց, որ ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին այսպիսի քայլ անելը ոտնձգություն է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիների նկատմամբ, ովքեր չկարողացան ստալինյան մեծ տեռորից մազապուրծ լինել : Սա, ըստ քաղաքագետի, ոտնձգություն է անգերեզման Չարենցի նկատմամբ ու այն բոլոր բռնադատվածների, որոնց համար տարիներ առաջ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով Կասկադում պետք է հուշարձան կառուցվեր, բայց առ այսօր չի տեղադրվել: «Երբ Մոսկվայում՝ Սյունազարդ դահլիճում, նշվել է Եղիշե Չարենցի 80-ամյակը և Անաստաս Միկոյանը դողդոջուն քայլերով մտել է դահլիճ, այնտեղ նրան սուլոցներով են ընդունել»,- պապտմում էր Հմայակ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին ապրիլի 30-ին համաձայնություն տվեց Երևանի Իսահակյան-Կորյուն փողոցներին զուգահեռ պուրակում տեղադրել խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանը՝ ավագանու նիստին ներկա անդամների 49 կողմ, 4 դեմ, և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Ի դեպ՝ Մամուլի ազգային ակումբը քննարկման էր հրավիրիրել Երևանի ՀՀԿ–ական և ԲՀԿ-ական ավագանու անդամներ Թամար Պողոսյանին, Արա Երջնակյանին, Լևոն Իգիթյանին, Մարտին Վարդազարյանին։ Նրանք բոլորն էլ հրավերը մերժել էին տարբեր պատճառաբանություններով:

Վաղը «Բարև Երևան» խմբակցությունը Երևանի ավագանու նիստում հանդես է գալու Անասատաս Միկոյանի արձանը տեղադրելու ավագանու որոշումը չեղյալ հայտարարելու առաջարկությամբ։

 

Back to top button