Աշխատանքից ազատվել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը(լրացված)


լրացված ժամը 15.45-ին
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեում ավելի քան 3 մլրդ դրամի ճեղքվածք է առաջացել: Կառավարությունն այսօր քննարկել է նախագիծ, որով ֆինանսների նախարարությունը առաջարկել է ճեղքվածքը փակելու համար կառավարության պահուստային ֆոնդից 2014 թվականի 4-րդ եռամսյակի ծախսերից 3 մլրդ 200 մլն դրամը փոխադրել առաջին կիսամյակ: Նախագիծը հաստատվել է: Մեկ այլ որոշմամբ էլ Կարեն Թամազյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նիստում ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է քաղաքացիական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» ՍՊԸ կողմից կառուցապատման իրականացման նպատակով ընկերությանը ՀՀ 2014թ. պետբյուջեից 2014թ. առաջին կիսամյակում տրամադրել 800 մլն դրամ բյուջետային վարկ՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով, տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով՝ որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ ծրագիրն իրականացվում է հանրապետության նախագահի հովանու ներքո:
Շուրջ 40 րոպե և օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը սպառված են: Հերթական հինգշաբթին կառավարությունում ավարտվեց առանց մամուլի ասուլիսի: Կառավարությունը հաստատեց օրակարգի բոլոր հարցերը, ընդորում դրանց մեծ մասը հաստատեց: Մերժված նախագծեր նույնպես եղան: Կառավարությունն օրինակ մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների՝ «Շրջանառության հարկի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախագծով առաջրկվում էր առևտրի ոլորտում շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել շրջանառության հարկից: Կառավարության համոզմամբ, նախագծի ընդունումը նպատակահարմար չէ,իսկ թե ինչու, լսենք ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին.«Տարբեր առաջարկությունների ու նախագծերի քննարկման արդյունքում ակնհայտ է այն դիրքորոշումը, որ միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը անընդունելի է: Անընդունելի է նաև շրջանառության հարկից ազատելը՝ առանց ձեռքբերումները պարտադիր պահանջի ներդման»:
Բացի այդ, ֆինանսների նախարարի համոզմամբ տնտեսությունում գործարքների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում հնարավոր կլիներ ոչ միայն փոխհատուցել փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերի նվազումը, այլ նաև հարկման դաշտ բերել խոշոր բիզնեսի իրական շրջանառությունը: Նախագծի ընդունումը պետբյուջեի եկամուտների էական ու չարդարադցված կորստի պատճառ կդառան: Կառավարության ներկայացուցչի կարծիքով, հիմնավորումներն էլ հիմք չունեն.«Հիմնավորված չէ այն փաստարկը, որ շրջանառության հարկից ազատելը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման և կապահովի եկամտահարկի լրացուցիչ մուտքեր:
Իրականությանը չի համապատասխանում նաև այն,որ շրջանառության հարկի ներդմամբ ՀՀ-ում փակվել են նաև շուրջ չորս հազար օբյեկտներ:
«2013-ի ընթացքում պետական գրանցում են ստացել բազմաթիվ նոր տնետսվարող սուբյեկտներ: Շրջանառության հարկի ներդրմանը զուգահեռ պարզեցվել է շրջանառության հարկ վճարողների հարկային հաշվառումը, հարկերը կրճատվել են, ուստի հարկային բեռի բարձրացում չի եղել»,- ասաց ֆինանսների նախարարը: Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ հանդիպում են ձեռնարկատերերի հետ, նախագծի լրամշակված տարբերակն էլ առաջիկա օրերին կքննարկվի խորհրդարանում: Վարչապետ Հովիկ Աբրահամյան.«Հարկավոր է առաջարկել բոլոր խմբակցություններին, որ ովքեր ցանկանում են, մասնակցեն այդ քննարկումներին»:
Կառավարությունն այսօր որոշեց «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը: Ընկերությունը վերամշակման նպատակով ներմուծել է ձիթապտուղ, որը, սակայն, չի կարողացել վերաարտահանել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: Թույլատրելով ժամկետի երկարաձգումը, կառավարության որոշումը կնպաստի ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը:
Նիստում «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. մայիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 11 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և իրականացնելով 6.5 մլրդ դրամի ներդրում: Տարեկան թողարկվելու է շուրջ 2.7 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան: Ստեղծվելու է մոտ 90 աշխատատեղ: Էկոնոմիկայի նախարար կարեն ճշմարիտյանը վստահեցրեց, որ ոչ ընկերության տնօրենին է ճանաչում, ոչ էլ սեփականատիրոջը:
Գլխավոր դատախազն անձամբ հայտարարեց ու խոստացավ առաջիկայում հանդիպել լրագրողների հետ ու պատասխանել բոլոր հարցերին՝ Վերահսկիչ պալատի բացահայտումներից մինչև Վերնիսաժում հնչած կրակոցներին ու Աշոտ Սուքիասյանի արտահանձնմանը: