Վերլուծական

Հայ քաղաքագետները՝ ուկրաինական ընտրությունների արդյունքների եւ հնարավոր նոր Մայդանի մասին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանում անդրադարձել են Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին եւ դրանց ազդեցությանը Հայաստանի վրա: Հանդիպման կազմակերպիչներից` Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, թե ինչու են ընտրել քննարկումների այսպիսի ուղղություն:

«Վերջին շրջանում բոլոր քննարկումները շաղկապված են Հայաստանի հետ»:

Քաղաքագետ Միքայել Զոլյանն իր վերլուծությունում նշեց, որ կայացած ընտրությունները ապացուցեին մի քանի բան: Առաջին հերթին այն, որ ֆաշիստական ռեժիմի հաստատման վտանգի խոսակցությունները խիստ ուռճացված են. ծայրահեղ աջ կամ ծայրահեղական մոտեցումներով երկու թեկնածուն իրար հետ միասին հավաքել են ընտրողների ձայների 1.5 տոկոսը:

Քաղաքագետի վերլուծություններով` ընտրությունները ցույց տվեցին եւս մեկ արդեն կայացած փաստ. Ուկրաինայի քաղաքականության մեջ նախկին գլխավոր դերակատարներ Տիմոշենկոն ու Յանուկովիչը արդեն մղվել են երկրորդ պլան: Այսօրվա Ուկրաինայում` նախագահական ընտրություններում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակից հետո, հասունանում են նոր զարգացումներ, որոնց հանգուցալուծումը կլինի ժամանակի ընթացքում, ասում է քաղաքագետը:

«Հիմա նոր թեզ է շրջանառվում, թե ինչ իմաստ ուներ հեղափոխությունը, եթե մի օլիգարխի փոխարեն իշխանության է գալիս մեկ այլ օլիգարխ: Հիմա ամեն ինչ կախված է քաղաքացիական հասարակությունից: Եթե նրան թույլ տան, որ զգա իրեն տեր ու տիրական, միգուցե հետագայում առաջանա նոր Մայդանի անհրաժեշտություն, բայց Պորոշենկոն իշխանության է եկել ուրիշ պայմաններում եւ իր անձնական որակներով տարբերվում է Յանուկովիչից»:

Քաղաքագետը համոզված է. Ուկրաինան ամեն դեպքում կգնա դեպի արեւմուտք եւ դա գործչի անձնական դիրքորոշումը չէ, այլ պետությունում ձեւավորված կոնսեսնուսի հետեւանքը: Ինչ վերաբերում է հենց Ուկրաինայում տիրող մթնոլորտին ընտրություններից հետո, ապա հայաստանյան քննարկման մասնակիցները կապ հաստատեցին նաեւ Ուկրաինայում գտնվող գործընկերների հետ:

«Նա մարդկանց մոտ ասոցացվում է փոփոխությունների եւ դեպի եվրոպական ինտեգրում հստակ դիրքորոշման հետ: Ունի նաեւ շատ իրատեսական վերաբերմունք Ռուսաստանի մեջ գործընկերների հանդեպ»,- ասաց Ուկրաինայում գտնվող Ալեքսեյ Սոլդատենկոն, ով Երկխոսություն քաղաքացիական հասարակության «Հանուն Առաջընթացի» ծրագրի ներկայացուցիչն է: Նա նաեւ ընդգծեց, որ ընտրություններից հետո Ուկրաինայում տիրում է դրական զգացողություն, քանի որ երկար տարիներից հետո նախագահական ընտրություններում հաղթողը շատ ստաբիլ ցուցանիշներ է գրանցել բոլոր մարզերում:

Back to top button