Միջազգային

Օլանդը չի փոխի իր պետական քաղաքականությունը՝ ԵԽ-ում «Ազգային ճակատ» կուսակցության հաղթանակից հետո

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր չէ ուղղումներ մտցնել պետական քաղաքականության մեջ Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության հաղթանակից և իշխող սոցիալիստական կուսակցության պարտությունից հետո: «Գլխավոր ուղեգիծը հանգամանքներից ելնելով չի կարող փոխվել: Անհրաժեշտ է կայունություն, համառություն և արիություն: Սակայն նաև արագություն որոշումներ իրականացնելիս, քանի որ Ֆրանսիան չի կարող սպասել», — ասել է Օլանդն իր  հեռուստաուղերձում: Նա նշել է, որ իր քաղաքականության առաջնահերթություներից են  մնում աշխատատեղերի ստեղծումը ձեռնարկություններին  աջակցելու ճանապարհով , մարդկանց գնողունակության բարձրացումը, սոցիալական արդարությունը, կրթությունը, երկրի տարածքային կառավարման կազմակերպման արդիականացումը մարզերը միավորելու ճանապարհով:

Օլանդը կիրակի կայացած ընտրությունների արդյունքները ցավոտ է համարել: Դրանց համաձայն «Ազգային ճակատ» կուսակցությունը հավաքել է 24.85 տոկոս ձայն, իսկ Սոցիալիստական կուսակցությունը 13.98 տոկոսով հայտնվել է միայն երրորդ տեղում: «Բոլոր տեղերում եվրոպական կուսակցություններն առաջ են շարժվում: Սակայն Ֆրանսիայում, որը Եվրամիության հիմնադիր երկիր է, մարդու իրավունքների հայրենիքը, ծայրահեղ աջերը մեծ տարբերությամբ առաջին տեղում են հայտնվել»,-ասել է նա: Ըստ Օլանդի արդյունքները վկայում են ճգնաժամից հոգնած Ֆրանսիայի քաղաքացիների Եվրոպայի հանդեպ ունեցած անվստահության և իշխանական ու նաև խոշոր ընդդիմադիր  կուսակցությունների նկատմամբ եղած վստահության կորստի մասին: Նախագահը նաև նշել է, որ մնում է Եվրոպային հավատարին և նրա հետ է կապում Ֆրանսիայի ճակատագիրը:

Back to top button