Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մայիսի 26-ի երեկոյան Հայաստան ժամանել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Տրդատա կամարի առջև, Արամ Ա Կաթողիկոսին դիմավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը «Հրաշափառի» ներքո մուտք են գործել Մայր Տաճար:
Գոհաբանական աղոթքից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Արամ Ա Կաթողիկոսի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն է հայտնել, որ հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի, առիթ պիտի ունենան իրենց հայրապետական պատգամներն ու օրհնությունը փոխանցելու հայորդիներին` կոչելով միաբանության և հայրենանվեր ծառայության` մաղթանքով, որ հայ ժողովրդի ընթացքը դարերի մեջ միշտ լինի հաղթական` միտված խաղաղ ու անդորր կյանքի ապահովմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Ամենակալ Տիրոջից զորակցություն է հայցել Հայ Եկեղեցու բարեջան բոլոր սպասավորների արդյունաշատ և անխափան ծառայության համար` փառք ու գոհություն հայտնելով Աստծուն, որ առիթներ է պարգևում հանդիպելու և առ Աստված համատեղ աղոթք բարձրացնելու հայոց ազգի ապահով ու բարօր կյանքի, Հայրենիքի շինության ու առաջընթացի համար:
Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ուրախություն է հայտնել Մայր Աթոռում գտնվելու համար` իբրև առիթ ծառայական ուխտի վերանորոգման և հավատքի ամրապնդման: Արամ Ա Կաթողիկոսն անդրադարձել է նաև հայ եկեղեցականների ծառայությանը հանդեպ Հայրենիքն ու ժողովուրդը` մասնավորապես ընդգծելով. «…Մայր Հայրենիքը սրբազան հավատքի տունն է, և պատմության ընթացքին մեր ժողովուրդն իր արյունն է թափել Հայրենիքի համար… Հայրենիքի պաշտպանությունը, ազատությունն ու անկախությունը մեզ համար գերագույն արժեք է: Այսօր մենք կոչված ենք Հայաստանի անկախությունն ավելի զորացնելու, ինչն ավելի մեծ զոհողություն է պահանջում: Մենք բոլորս` որպես Հայ Եկեղեցու սպասավորներ, որպես Հայ Եկեղեցի, հայ հոգևորականներ, Հայաստանում, թե՛ Սփյուռքում կոչված ենք հայրենաշինության նվիրական գործին»:
Արարողությունն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական աղոթքով: