Հասարակություն

Մայիսյան հերոսամարտը՝ մասնակիցների հուշերում. Սարդարապատի թանգարանը պատրաստվում է Հանրապետության տոնին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Հանրապետության տոնին ընդառաջ այսօր Սարդարապատի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում բացվել է «Պատերազմի և խաղաղության դեմքը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, տեղի է ունեցել «1918 թվականի մայիսյան հերոսամարտը մասնակիցների հուշերում» գրքի շնորհանդեսը և հուշահամալիր բերող Արաքս գյուղի 2 փողոց վերանվանվել է Սարդարապատի ճակատամարտի հերոսներ Դանիել Բեկ -Փիրումյանի և Մովսես Սիլիկյանի անուններով; Թանգարանին են հանձնվել նաև 1915 և 1918 թվականների արխիվային փաստաթղթեր։

Սարդարապատի հուշահամալիրը առաջին հանրապետության տոնի նախօրեին դարձյալ մարդաշատ էր: Այցելուները մասնակցում էին Սարդարապատի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում բացված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսին, որն արտացոլում էր մեր վերջին ազատագրական պայքարի պատմությունը: Մեր երկրի համար շրջադարձային նշանակություն ունեցած արցախյան ազատագրական պայքարը լուսաբանող լրագրողի աշխատանքը անկախ իր կամքից դարձել է պատմություն: Լուսանկարչական աշխատանքներն արված էին պատերազի տարիներին:

Սարդարապատի հերոսամարտի 96-րդ տարելիցի կապակցությամբ թանգարանի տնօրինությունը նախաձեռնել էր հարակից Արաքս գյուղական բնակավայրի 2 փողոց անվանակոչել Սարդարապատի ճակատամարտի հրամանատարներ Դանիել Բեկ-Փիրումյանի և Մովսես Սիլիկյանի անուններով: Նախաձեռնությունը քննարկվել էր Արաքս գյուղի ավագանու նիստում և կայացվել որոշում: Թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը նշեց, որ գյուղի 2 փողոցներից մեկը բերում է դեպի հուշահամալիր, մյուսը` թանգարան:

Թանգարանի արխիվային ֆոնդն այսօր համալրվեց ևս մի քանի փաստաթղթերով: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը թանգարանին նվիրեց մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական նամակը և Զեյթունի գնդի գրագիր Արամայիս Հարությունյանի անձնական արխիվային փաստաթղթեր` 1915 թվականին արված լուսանկարներով և ծառայողական ցուցակով:

Սարդարապատի հերոսամարտում ռազմական գործիչների կայացրած որոշումներով և մասնակիցների պայքարով սկիզբ դրվեց մեր պատմության մի նոր դարաշրջանի, որտեղ կերտվեց մեր պետականությունը: Սարդարապատի հերոսների մասին խոսվում է շարունակ: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց ճակատամարտի հերոսների գործունեությունը։

Փողոցների անվանակոչության բացման պատիվը տրվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանին, Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանին և տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանին։ Սարդարապատի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն Էջմիածնի սբ Գայանե եկեղեցում կիրակի օրը մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտի հերոսների համար կատարվող հոգեհանգստի կարգին և խոնարհվել նրանց հիշատակին: Հերոսամարտի մասնակիցների արխիվային փաստաթղթերից մի քանիսը թանգարանի գիտաշխատողների աշխատանքների շնորհիվ հավաքվել և զետեղվել է «1918 թվականի մայիսյան հերոսամարտը մասնակիցների հուշերում» գրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ թանգարանի դահլիճում։

Back to top button