Հասարակություն

Մայիսի 28. անկախությա՞ն, թե՞ հանրապետության օր

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«1918-ի մայիսի 28-ի դասերից օգտված միակ քաղաքական գործիչը ձեր խոնարհ ծառան է»,- այսօր հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա, ավանդույթի համաձայն, վաղն այցելելու էջմիածին՝ Գևորգ կաթողիկոսի գերեզմանին, այնուհետև Արամ Մանուկյանի, Մովսես Գորգիսյանի, Հայկազ Խաչատրյանի շիրիմներին: Հայրիկյանն ասում է, որ մայիսի 28- ը որպես պատմական երևույթ չի օգտագործվել հայ քաղաքական գործիչների կողմից: Ավելին՝ այն անկախություն օր չկոչելով տոնը արժեզրկել են։

«Այդ դավադրությունը Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ԿԳԲ-ական թիմակիցները միտումնավոր են արել: Երկիրը չի կարող ունենալ հանրապետություն և դրանից յոթանասուն տարի հետո նշել անկախության օրը: Այս դավադրությանը հաջորդեց մեկ այլ դավադրություն, 1991 թվականի ինքնորոշման օրը կոչվեց անկախության օր: Միանգամից հայ մարդու մտածելակերպը խեղվեց: Ինչպես է, որ անկախության հռչակագիրը ընդունվում է օգոստոսի 23-ին, բայց անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին»,- ասում է Հայրիկյանը։

Մայիսյան հերոսամարտերի մասին խոսելիս չպետք միայն շեշտենք Սարդարապատը, քանի որ ըստ էության այն եղել է եռաճակատամարտ՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան, նշում է պատմաբան Արմեն Մարուքյանը։ Նա համաձայն չէ այն տեսակետին, թե մայիս 28-ը պետք նշվի որպես անկախության օր: Ըստ նրա՝ մայիսի 28- ը Հանրապետության օրն է, որն իր մեջ ներառում է Հայաստանի երեք հանրապետությունները։

 

 

 

 

Back to top button