ԿարևորՔաղաքական

Հիշում եմ եւ պահանջում. Ցեղասպանության 100- րդ տարելիցի կարգախոսը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն այսօր անցկացրել է իր 4-րդ նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (նրա ելույթը տես այստեղ)։ Անցած երեք տարիներին հանձնաժողովը համակարգել, համադրել ու նախապատրաստել է այն հիմնական միջոցառումները, որոնք պետք է կայանան 2015-ին ընդառաջ եւ 2015 թվականի ընթացքում, այսօր լրագրողներին փոխանցել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` հանձնաժողովի 4-րդ նիստն անցկացվել է բավականին ներկայացուցչական կազմով. բացի հանձնաժողովի անդամներից նիստին մասնակցել են նաեւ տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչները: Քննարկվել է օրակարգային երեք հարց, հաստատվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը: Այն անմոռուկ ծաղիկն է։

Վիգեն Սարգսյանը փոխանցեց, որ նիստն անցկացվել է ընդարձակ ձեւաչափով, քանի որ վերջինն է` մինչեւ 2015-ի մեկնարկը: Խնդիրն է եղել համաձայնեցնել մի շարք հայեցակարգային մոտեցումներ ու գործնական այն քայլերը, որոնք պիտի կատարվեն մինչեւ 2015-ի մեկնարկը: Օրակարգային առաջին հարցն առնչվել է քաղաքական մոտեցումներին: Ելույթներում խոսվել է այն սկզբունքային մոտեցումների մասին, որոնք, Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, պետք է ներառվեն Հայեց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունվելիք համահայկական հռչակագրում։

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային հանձնախմբերի իրականացնելիք աշխատանքներն ու հիմնական միջոցառումները: Հատկապես կարեւորվում է տարածաշրջանային կառույցների աշխատանքը։ Վերջիններս կազմակերպելու են աշխարհի ամենատարբեր հեղինակավոր հարթակներում բազմաթիվ ցուցադրություններ ու տարբեր միջոցառումներ, որոնք կոչված են ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը եւ մեծարելու վերապրելու գաղափարը, որ ցեղասպանությունից հետո դրվեց ազգի վերածննդի հիմքում։

Հիմնական խորհրդանիշի մասին: Ստեղծված աշխատանքային խումբը, երկու փուլով անցկացված մրցույթի արդյունքներով, ներկայացված տասնյակ աշխատանքներից առանձնացրել է «Շարմ» ընկերության նախագիծը, որը եւ հաստատել է հանձնաժողովը: Դա անմոռուկ ծաղիկն է, որը, գրեթե բոլոր լեզումներում միեւնույն իմաստն է պարունակում` հիշելու, չմոռանալու ու հիշեցնելու։

Հիշում եմ եւ պահանջում, սա է լինելու 2015-ի կարգախոսը: Այն հատկապես անհատականորեն ընդգծված կարգախոս է, որը հնչեցնելիս յուրաքանչյուրը կհիշի իր ընտանիքի պատմությունը եւ իր պահանջը կներկայացնի աշխարհին։

Back to top button