Մշակույթ

Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ՝ Ազգային պատկերասրահում

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական 10-րդ հոբելյանական Փառատոնի «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ» խորագրով համերգը: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և հաղթող դաշնակահար, ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն հրեա ժամանակակից կոմպոզիտորներ Վիլլի Վայների, Բենյամին Յուսուպովի, Այալ Ադլերի, Գյորգի Կուրտագի, Ամոս Էլկանայի ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրն է կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայները:

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների բազում երկրներում:

2000-ին Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց հետո, ժամանակակից երաժշտությունը զբաղեցրեց նրա նվագացանկի գերակշիռ չափաբաժինը: Հայկ Մելիքյանը հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Աշխարհի տարբեր երկրներում Հայկ Մելիքյանը պարբերաբար վարում է ժամանակակից երաժշտության վարպետության դասեր:

Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը մեկնարկել է մայիսի 7-ից ու կշարունակվի մինչը հունիսի 3-ը: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Back to top button