Մշակույթ

Հայաստանում կհնչի ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործությունը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր տեղի է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկի՝ Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի 2012 թ. առաջին մրցանակակիր ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի և նույն մրցույթի 2013թ. երկրորդ մրցանակակիր, ֆրանսիացի անվանի դաշնակահար Ռեմի Ժենիեի մամուլի ասուլիսը, ովքեր Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մայիսի 30-ին հանդես կգան սիմֆոնիկ համերգով։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մայիսի 30-ին կայանալիք համերգի ծրագրում հայ ունկնդրին կներկայացվի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի 2012 թ. առաջին մրցանակակիր, ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը՝ նույն մրցույթի 2013 թվականի երկրորդ մրցանակակիր, ֆրանսիացի անվանի դաշնակահար Ռեմի Ժենիեի մենակատարությամբ: Ծրագրում կհնչեն նաև Մոցարտի և Բեթհովենի ստեղծագործությունները: Համերգն իրականացվում է հայկական ֆիլհարմոնիկի երկար տարիների գործընկեր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

«Ուրախ եմ , որ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի լսել Միշել Պետրոսյանի «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը, որի դաշնամուրային բաժինը կներկայացնի ֆրանսիացի անվանի դաշնակահար Ռեմի Ժենիեն: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեր համագործակցությունը շարունակելու ենք: Ավելին՝ հաջորդ տարի կփորձենք դուրս գալ Երևանի սահմաններից և մշակութային միջոցառումներ կիրականացնենք մարզերում, քանի որ մշակութային առումով մայրաքաղաքի ու մարզերի միջև ընդգծված անհամաչափություն կա: Վերադառնալով Միշել Պետրոսյանի ստեղծագործությանը՝ պետք է նշեմ, որ նա ներկայացնում է արդի ֆրանսիական երաժշտությունը, որը Հայաստանում համեմատաբար քիչ է ներկայացված»,- ասում է Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Ժան Միշել Գասպարյանը։

Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը թավջութակ, կիթառ, այնուհետև կոմպոզիցիա է ուսանել Փարիզի կոնսերվատորիայում: 2012-ին արժանացել է Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին: Հետաքրքրվում է լեզվաբանությամբ, մասնավորապես՝ անտիկ լեզուների ուսումնասիրությամբ: Կոմպոզիտորը խոստովանում է, որ «Էայի ջրահետքերով» սիմֆոնիկ ստեղծագործությունը ոգեշնչված է բանասիրության հանդեպ իր մեծ սիրուց։

Ստեղծագործության երևանայան պրեմիերայի ժամանակ դաշնամուրային բաժինը, ինչպես արդեն նշվեց, կներկայացնի ֆրանսիացի անվանի դաշնակահար Ռեմի Ժենիեն, որը Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի երկրորդ մրցանակին արժանացել է ընդամենը քսան տարեկանում: Ռեմի Ժենիեն նաև Բոնիի միջազգային Բեթհովեն մրցույթի մինչ օրս ամենաերիտասարդ մրցանակակիրն է, ինչպես նաև այլ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր։

Back to top button