Հասարակություն

Դիմորդների թիվն այս տարի նվազել է 2000- ով. ԵՊՀ կընդունվեն բոլոր դրական ստացողները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Դիմորդների թիվը պակասել է թե պետական, թե մասնավոր բուհերում: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանն այսօր տեղեկացրեց, որ ԵՊՀ- ում դիմորդների թիվը նվազել է 400-ով, իսկ բոլոր պետական և մասնավոր բուհերում միասին շուրջ 2000-ով: Դիմորդները հիմնականում նախընրում են ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, պատմություն, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն, իրավագիտություն մասնագիտությունները, փոխարենը` հետաքրքրությունը փոքր է բնագիտական մասնագիտությունների նկատմամբ: Հաշվի առնելով հանրակրթական դպրոցների շրջանավարտների տարեց տարի նվազող թիվը՝ Մայր բուհում այս տարի կրճատվել է նաև մասնագիտությունների թիվը։

Անդրադառնալով վճարովի և անվճար տեղերին` Վաչագան Գալստյանը հայտնեց, որ ԵՊՀ-ում կլինեն ընդունելության 356 անվճար և 3046 վճարովի տեղեր: Ի դեպ՝ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս դրական միավոր ստացող բոլոր դիմորդները կընդունվեն համալսարան: Համաձայնելով լրագրողի դիտարկմանը, որ հեշտ ընդունելությունը չի կարող չազդել դիմորդի մասնագիտական որակի վրա, Վաչագան Գալստյանը հայտնեց, որ հիմա բուհը պահելու խնդիր կա, հետևաբար՝ ստիպված են երբեմն գնալ նման քայլերի։

Այս տարի դիմորդների թվաքանակի նվազում կա նաև Մ. Խորենցու անվան համալսարանում: Եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բուհն ուներ 57 դիմորդ, ապա այս տարի դիմել է 38 դիմորդ: Բուհերի ներկայացուցիչները դիմորդների թվի պակասը հիմնականում պայմանավորում են քոլեջների մակարդակի բաձրացմամբ, որի արդյունքում տարեց տարի ավելանում է արհեստագործական ուսումնարաններ և քոլեջներ դիմորդների թիվը:

Back to top button