ԿարևորՔաղաքական

3,5 տոկոս աճ 6,2 տոկոսի փոխարեն՝ ԱԺ- ում քննարկում են պետբյուջեի կատարողականը

Լենա Բադեյան «Ռադիոլուր» Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում մեկնարկել է անցյալ տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունների ոլորտային քննարկումը: Աշխատանքները հանձնաժողովներում տեւելու են մինչեւ հունիսի 2-ը: Աշխատատանքների մեկնարկին Աժ էր եկել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամայնաը. իր նախկին աշխատավայրում նա մնաց շատ կարճ: Այսպիսի քննարկումների ժամանակ, սովորաբար, ոչ միայն ներկա է, այլ ընդհանուր դրույթները ներկայացնում է երկրի վարչապետը: Բայց Հովիկ Աբրահամյանը գերադասեց չխոսել: Ամեն դեպքում՝ անցյալ տարվա բյուջեի պատասխանտուն նախկին վարչապետն էր: Հովիկ Աբրահամյանը շատ կարճ մնաց դահլիճում եւ հեռացավ, դրանից հետո աստիճանաբար դահլիճը սկսեցին լքել նաեւ պատգամավորները: Առանձնակի հետաքրքրություն անցյալ տարվա բյուջեն չի ներկայացնում նաեւ նրանց համար: Նույնիսկ ընդդիմադիրներն իրենց հարցերը տվեցին, լսեցին պատասխաններն ու գնացին: Քննարկումների ընթացքում պահ կար, երբ դահլիճում ներկա էր ընդամենը 1-2 պատգամավոր:

Այսօր Աժ-ում հնչում էին բազմաթիվ թվեր. պատգամավորները փորձում էին հասկանալ, թե ինչպես է ձեւավորվել եւ ծախսվել 2013 թվականի պետական բյուջեն: Ինչ վերաբերում է թվերին, ապա բոլորին արդեն հայտնի է. նախորդ տարվա բյուջեով չի հաջողվել ապահովել նախապես նախանշված 6.2 տոկոսանոց աճը: Հազիվ ապահովվել է 3.5 տոկոսը: Բայց պաշտոնյաներն ամեն դեպքում գոհ էին. նշում էին, թե կրճատվել է գործազրկությունը, աճել են հարկային եկամուտները եւ ընդհանրապես 2012-ի բարձր տեմպերը շարունակվել են նաեւ 2013-ին: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ներկայացրեց խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, վերջում հավելելով. Հայաստանն ընդգրկվել է առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկրների խմբում: Հենց այս հարց էլ այսօր հուզում էր ընդդիմադիր պատգամավորներին: Օրինակ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանից պահանջում էր ավելի մանրամասն անդրադառնալ «500 միլիոնանոց դոլարի ռուսական վարկին», Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե որ իշխանություններն են վճարելու կուտակված ահռելի պարտքները: Խնդիրն այն է, որ պարտավորություններից ելնելով 2013-ը աննախադեպ էր արտաքին պարտքի սպասարկման առումով, այն կազմել է 861 միլիոն դոլար կամ պետբյուջեի եկամտային մասի շուրջ 33 տոկոսը: 2012-ին այն նպատակին հատկացված գումարը եկել է շատ ավելի պակաս` 239 միլիոն դոլար: Արտաքին պարտքի սպասարկման առումով հաջորդ, այսպես ասենք, պիկը սպասվում է 2020 թվականին, երբ այդ նպատակներին պետք է հատկացվի ավելի քան 1 միլիարդ դոլար: ԿԲ նախագահը Արթուր Ջավադյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ 2013-ին ընդունվել էր նաեւ քաղաքական որոշում` մարելու 500 միլիոնանոց ռուսական վարկը` բարձր ակտիվները փոխարինելով ավելի ցածր ակտիվներով: Մեծ տատանումը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով։ ԿԲ-ի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ 2013-ին ստիպված էին «խառնվել գործին» եւ կանխել դրամի արժեզրկումը։

Back to top button