Հասարակություն

Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մասնավորապես, այս փոփոխությամբ նախատեսվում է, որ գործատուն վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցն առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին դիմում: Ընդ որում, այս դրույթի գործողությունը տարածվում է 2014-ի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն` ստանում է հետադարձ ուժ: Ուժը կորցրած է ճանաչվում գործող օրենքի 76-րդ՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածը: Բացի այդ, պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Back to top button