Վերլուծական

Պորոշենկոյի օրոք կարող են բարելավել հայ- ուկրաինական հարաբերությունները, կարծում են քաղաքագետները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ուկրաինայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում մեծահարուստ Պետրո Պորոշենկոյի համուզիչ հաղթանակը զգուշավոր լավատեսություն է ներշնչում այդ երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից: Հայ փորձագիտական շրջանակներում չեն բացառում նաև նոր նախագահի օրոք հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավման հավանականությունը։

Ուկրաինայի ընտրված նախագահ, միլիարդատեր Պետրո Պորշենկոն այդ երկրի իշխանական բուրգում նոր մարդ չէ: Իր երկու նախորդների՝ Յուշչենկոյի և Յանուկովիչի վարչակազմերում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, նշում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Սակայն առաջին հերթին Ուկրաինայի նորընտիր նախագահը հայտնի է իր ձեռնարկատիրության շնորհիվ: Մասնավորապես նրան են պատկանում քաղցրավենիքի «Ռոշեն» ֆաբրիկան և ավտոբուսների «Բոգդան» գործարանը, որոնց արտադրանքը քաջ հայտնի է և մեր երկրում:

Պետրո Պորոշենկոն նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ամենայն հավանականությամբ, կլուծարի Գերագույն ռադան և կնշանակի նոր խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն: Մյուս կողմից՝ Ուկրաինայի հինգերորդ նախագահը կաշկանդված է երկրի արևելյան մարզերում առկա անկայուն իրավիճակով, որը ռուսական քաղաքական շրջանակներում հաճախ բնորոշում են որպես քաղաքացիական պատերազմ:

Այս պարագայում առաջնահերթ կարևորագույն խնդիրներից է Ռուսաստանի հետ չափազանց լարված հարաբերությունների կարգավորումը, իր հերթին մատնանշեց քաղաքագետ Արամ Մանուկյանը։ Ուկրաինական ներկայիս իշխանական վերնախավում  առկա էն հակահայկական տրամադրություններ: Մասնավորապես՝ նախագահի 21 թեկնածուներից երկուսը՝ ազգայնական Օլեգ Տյագնիբոկը և աջ ծայրահեղական Դմիտրի Յարոշը կոչ են արել խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ՝ ի պատասխան Ղրիմի հարցով ՄԱԿ- ում մեր երկրի ռուսամետ դիրքորոշման։

Ինչևէ, ընտրություններում հաղթել է շոկոլոդային թագավոր Պորոշենկոն, որն էլ կթելադրի երկրի քաղաքական օրակարգը առաջիկա 5 տարիներին, եթե իհարկե մինչ այդ երկրում նոր հակաիշխանական զարգացումներ չլինեն: Այս առումով որոշակի ակնկալիքներ կան հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավման առումով, նկատում է Արամ Մանուկյանը։

Հայկական կողմի համար անընդունել է Ուկրանայի ադրբեջանամետ դիրքորոշումը շատ կարևոր հարցերում, ինչը ուղղակիորեն հակասում է մեր երկրի շահերին, հավելեց Գագիկ Համբարյանը։

Back to top button