Հասարակություն

Ոստիկանությունը ծրագիրը կատարել է 100, ԱԻՆ- ը՝ 65 տոկոսով

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2013 թ.-ին արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել է մոտ 8 մլրդ 27 մլն դրամ։ Ոլորտում նախատեսված հիմնական ծրագրերը կատարվել են, այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԻՆ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Նախարարությունը, սակայն, ունի նաև թերակատարված ծրագրեր։ «65 տոկոսով է կատարել «Արտակարգ իրավիճակների բնագավառում» ԾԻԳ- ը։ Պատճառը՝ 60 տոկսոից ավելի թափուր աշխատատեղերն են»։ Սրա հետևանքով թերակատարում կա նաև պետական աշխատողների սոցիալական փաթեթների իրացման ծրագրում, քանի որ ոլորտում թափուր աշխատատեղերը զգալի տեղ են զբաղեցնում, հետևաբար՝ սոցիալական փաթեթների համար տրամադրված միջոցներն իրացվել են ոչ ամբողջությամբ ՝ 77 տոկսով։

Իրականացված ծրագրերը ոչ թե ֆինանսական, այլ ծրագրային բաղադրիչներով ներկայացնելով՝ նախարարի տեղակալը նշեց, որ փրկարար ծառայության մասով ծրագրերն ամբողջությամբ կատարվել են: Գումարը, իհարկե, բավարար չի եղել, բայց ամբողջությամբ ծախսվել է, կատարվել է այնխան, ինչքան հնարավոր է եղել, ասաց փոխնախարարարը։ Ըստ նրա՝  դրական տեղաշարժ կա մարզային փրկարար ծառայություններում։

2013-ին Ոստիկանությունը ավելի շատ դրամական հատկացում է ունեցել ու ավելի շատ էլ ծախսել է: Մասնավորապես՝ ոլորտի բյուջեն նախորդ տարվանը գերազանցել է մոտ 5 մլրդ-ով, կատարվել է 98 տոկոսով։ Հասարակական կարգի պահպանում, պետական կառավարման մարմինների շենք-շինությունների պահպանություն, կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրում, ճանապարհային երթևեկության բարեփուոմներ՝ ըստ փոխոստիկանապես Արթուր Օսիկյանի՝ սրանք են եղել ծրագրային հիմնական ուղղությունները: Արագաչափերի մասին խոսելով ՝ փոխոստիկանապետը նշեց, որ բարեփոխումն առայսօր միանշանակ չի ընդունվում, թեև նպատակը խախտումներն ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելն է: Ի դեպ, ըստ պաշտոնյանի, 2012-2013 թթ. ճանապարհային խախտումները եռակի պակասել են։

Ի դեպ՝ ոստիկանությունը նաև զգալի արտաբյուջետային միջոցներ ունի: 2013-ին դրանք կազմել են 19.6 մլրդ. 8- ը պահնորդական ոլորտից, 11.6-ը ՝տուգանքներից և 615 մլն-ն էլ անձանգրային ծառայությունից: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, առանձնացնելով հենց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տույժ –տուգանքներից ձևավորված 11 մլրդ-ը, անդրադարձավ դրանց համաչափության խնդրին, հիշեցրեց, որ մեկ տարի առաջ էլ նույն խնդրին անդրադարձել են՝ տուգանքներն անհամաչափ բարձր են։ «Անցել է մոտ մեկ տարի, բայց ոչ մի ծրագիր չեք ներկայացրել։ Չե՞ք կարծում, որ բյուջե եք լցնում տույժերով ու տուգանքներով, իսկ տույժերի ու տուգանքների նպատակը բյուջե ձևավորելը չի, այլ՝ խախտումներ կանխելը: Այդ տուգանքների գումարը ոչ մի կերպ համահունչ չէ ոչ նվազագույն աշխատավարձին, ոչ էլ միջին մակարդակի աշխատավարձին»։

Օսիկյանը նշեց, որ գանձվող գումարն էապես աճել են ոչ թե խախտումների թվի ավելացման, այլ նոր սարքավորումների տեղադրման արդյունքում. եթե նախկինում միան Երևանում էին տեսախցիկներ տեղադրված կամ, ասենք, 20 խաչմերուկում, հիմա ավելացել են տեսախցիկների տեղադրման վայրերը, և դրա հաշվին ավելացել են մուտքերը։

Անդրադառնալով խախտումների համար գանձվող գումարների անհամաչափությանը՝ Օսիկյանը չհամաձայնեց Ջհանգիրյանի այն մտքին, թե դրանք բոլոր դեպքերում են անհամապատասխան: Որոշ տուգանքների դեպքում անհամաչափություն կա, ասաց փոխոստիկանապետը՝ հիշեցնելով, որ կառավարությունն աշխատանքային խումբ է ձևավորել, որն ուսունասիրում է խախտումների ու դրանց համար նախատեսված տուգանքների համաչափության հարցը: Փոխոստիկանապետը խոստացավ, որ մոտ 20 օրից առաջարկների փաթեթը պատրաստ կլինի։

 

Back to top button