

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի մրցանակակիրներն այսօր երկրի ղեկավարի հյուրերն էին: Տարբեր ոլորտներում ունեցած ակնառու ձեռքբերումների համար նրանք հենց նախագահից են ստացել իրենց մրցանակները: Պողոսյան ընտանիքի հետ համատեղ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո տարիներ շարունակ փորձ է արվում վեր հանել Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումները: Այս գործընթացում հատուկ ուշադրության է արժանանում Հայոց ցեղասպանության միջազգային ուսումնասիրության աշխատանքները: Այս անվանակարգում 2013-ի 2 մրցանակներից մեկը շնորհվել է Իսրայելցի պատմաբան, գիտնական, պրոֆեսոր Յահիր Աուրոնին` «Սիոնիզմը եւ Հայոց ցեղասպանությունը» գրքի եւ տասնամյակների ընթացքում իրականացրած գիտական գործունեության համար: «Ես ձեզ հավատացնում եմ, որ ես եւ, համոզված եմ, նաեւ բազմաթիվ հրեաներ Իսրայելում եւ ամբողջ աշխարհում, կշարունակենք մեր պայքարը իսրայելի եւ ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Սա իմ պարտականությունն է որպես մարդ արարած, որպես հրեա եւ որպես իսրայելցի»,-իր խոսքում հայտարարել է իսրայելցի պրոֆեսորը:
Յուրօրինակ խորհուրդ կա այն բանում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ճանաչում ենք իսրայելցի գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնի վաստակը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգում:
Հրեա ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներից շատերն են անդրադարձել Հայոց Ցեղասպանության թեմային: Բոլորին թվարկելը հնարավոր չէ, սակայն երկու անուն անպատճառ պետք է նշել` ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
;Հրեա ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներից շատերը միշտ հաղորդակից են եղել հայ ժողովրդի ցավին ու ողբերգությանը: Հնարավոր չէ թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Բայց երկու անուն անպայման պետք է նշեմ: Առաջինը, ավստրիացի հրեա Ֆրանց Վերֆելն է, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով զգուշացնում էր, թե ինչ արհավիրք է սպասում Եվրոպայի հրեաներին: Երբեմն գեղարվեստական մտածողության մարդիկ գիտնական¬ներից շատ առաջ են անցնում: Երկրորդը, լեհ հրեա Ռաֆայել Լեմկինն է: Իրավաբան-գիտնական լինելով՝ նա ստեղծեց «ցեղասպանություն/գենոցիդ» եզրույթն ու դարձավ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948-ի ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիմնադիր հայրը: Պատահական չէ, որ Լեմկինն ասում էր, թե այդ աշխատանքը կատարելիս՝ նա մտովի անդրադառնում էր երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերի և հրեաների ապրած աղետներին»:
Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այս երկու նվիրական անունների հետ նույն շարքում է կանգնում նաեւ պրոֆեսոր Յահիր Աուրան` իր գիտական վաստակով պայքարելով Հայոց ցեղասպանության ուրացման դեմ:
«Ես շատ ուրախ եմ, որ Իսրայելի և հրեական սփյուռքի ներկայացուցիչները պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Շատ լավ է, որ չնայած բոլոր դժվարություններին, Դուք չեք հրաժարվում Ձեր նախորդների վեհ գաղափարներից»:
Հայոց ցեղասպանության ուսումնասիրության 25 տարվա արդյունքում 20 գիրք: Վերջինը` «Սիոնիզմը եւ Հայոց ցեղասպանությունը» խորագրով:
Իսրայելցի պրոֆեսոր Յահիր Աուրոն ասաց, որ իր մոտ աճում է այն համոզվածությունը, որ նրանք, ովքեր կողքի են կանգնում անուղղակիորեն աջակցում են ոճրագործներին:
Իսրայելցի պրոֆեսորը փոխանցեց, որ Իսրայելի բաց համալսարանում, որտեղ աշխատում է, հաջորդ տարի կազմակերպելու են միջազգային գիտաժողով` նշելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դժբախտաբար, Իսրայելում առաջին անգամ` շեշտեց նա: Յահիր Աուրան տեղեկացրեց, որ Կնեսետի նախկին անդամ եւ նախկին նախարար Յահիր Զաբանինի հետ սկսել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ստորագրահավաք:
«Մենք հույս ունենք մինչեւ 2015-ի ապրիլը մոտ կես միլիոն ստորագրություն հավաքել»,-շեշտեց նա:
Նույն անվանակարգում նախագահի մրցանակին են արժանացել նաեւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ պատմաբան Գոհար Ավագյանը` ցեղասպանությունը վերապրածների վկայությունների եռհատորյա փաստաթղթերի ժողովածուի համար: Ժողովածուն լույս է տեսել նաեւ անգլերեն ու ռուսերեն: Թուրքերեն հրատարակելու պատրաստակամություն է հայտնել նաեւ թուրք հայտնի իրավապաշտպան, գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն:
Նախագահի մրցանակ այս անգամ չի տրվել արվեստի, բժշկագիտության, գրականության, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում: Բժշկագիտության բնագավառից աշխատանքներ չեն ներկայացվել, իսկ ահա գրականության մասով` հանձնաժոզովի նախագահ Ազատ Եղիազարյանը փոխանցեց, որ ներկայացված գրքերը հանձնաժողովականների կողմից բարյացակամորեն են ընդունվել, սակայն որեւէ մեկն անհրաժեշտ ձայներ չի հավաքել:
Նախագահի մրցանակներ հանձնվեցին նաեւ բնական գիտությունների, ֆիզիկայի, ինչպես նաեւ տեխնիկական եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառներում լավագույն ու նշանակալի արդյունքներ արձանագրածներին: Սերժ Սարգսյանը 4 անվանակարգերում հանձնեց նաեւ Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակները` մաղթելով, որ ոգեշնչումը երբեք մրցանակակիներին չլքի ու հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով` հանուն հայաստանի, հայ ժողովրդի ու ողջ մարդկության: