ԿարևորՔաղաքական

«Հայաստան» հիմնադրամի գերխնդիրը շարունակում է մնալ Վարդենիս- Մարտակերտ ճանապարհը

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը՝ խորհրդի մասնակիցները նախ շնորհավորել են ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և ՀՕՄ-ի նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանին։

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ է ընտրվել Անդրանիկ Բաղդասարյանը: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարել է 500 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն համարվում է բարերար: Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի սկզբում բարերար անդամի վկայագիրը հանձնել է Անդրանիկ Բաղդասարյանին։

Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2013թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2013թ. կատարած աշխատանքների մասին: Այնուհետև նիստի մասնակիցները լսել են վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության հաշվեքննության եզրակացությունը։

Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2014»-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։


Կարեն Ղազարյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկման ժամանակ

Back to top button