ՏեսանյութՏնտեսական

Վիրահայոց թեմի որոշ եկեղեցիներ բռնագրավվել և օգտագործվում են վրաց ուղղափառ եկեղեցու կողմից.ՄԱԿ-ի ներկայացուցիչն անհանգստացած է

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»-Թբիլիսի

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը անհագստացած է Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ընտրովի վերաբերմունքից: Նավի Փիլեյը օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ծանթացել մարդու իրավունքների վիճակին: Նա Վրաստանի իշխանություններին նաև կոչ է արել հարգել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները:

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը դեռևս չի տնօրինում այն գույքը, որը եկեղեցուց առգրավվեց խորհրդային տարիներին: Դրանք եկեղեցիներ են, շինություններ, որոնց մի մասը անմխիթար վիճակում են: Եվ քանի դեռ լուծված չէ այդ եկեղեցիները իրենց պատմական և օրինական սեփականատիրոջը վերադարձնելու հարցը, դրանց մի մասը գնալով խոնհարվում են:

Վրաստանի անկախացումից հետո միայն Վրաց ուղղափառ եկեղեցուն վերադարձվեց բռնագրաված եկեղեցիները: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների գլխավոր հանձնակատարին Վրաստանում տեղեկացրեց Վիրահայոց թեմի իրավական հարցերի բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը. «Հանձնակատարին մենք տեղեկացրինք նաև, որ կրոնական մի շարք կազմակերպությունների, այդ թվում Վիրահայոց թեմի որոշ եկեղեցիներ բռնագրավվել և օգտագործվում են վրաց ուղղափառ եկեղեցու կողմից: Նման վերաբերմունքը մենք համարում ենք կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն: Նավի Փիլեյը իր մտահոգությունը հայտնեց այս առընչությամբ, կոչ անելով Վրաստանի իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորություններն ու սեփական սահմանդրության հակախտրական դրույթները»:

Կարևորելով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի նման ուղերձը, Վիրահայոց թեմը նույնպես կոչ է անում Վրաստանի իշխանություններին «զերծ մնալ խտրական քաղաքականունթյունից, որպեսզի երկրում գործող կրոնական ու էթնիկ համայնքերը իրենց զգան այդ երկրի հավասար քաղաքացիներ»:

Back to top button