Հասարակություն

Լքված Հացառատի տխուր պատկերն ու Կառավարության խոստումը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Գավառի Հացառատ թաղամասում խնդիրները բազմազան են և տեղաբնակները հենց այդ խնդիրներով, մասնավորապես, աշխատատեղերի բացակայությամբ են պայմանավորում արտագաղթի մեծ ծավալը: Արտագաղթ, որի արդյունքում Հացառատում այսօր մեծ թիվ են կազմում միայնակ ծերերը: Այս ամենին նպաստում է նաև տեղական իշխանությունների ծայրահեղ անտարբերությունը, ինչը թաղամասի բնակիչներին ստիպել է Գավառից անջատվելու և համայնքի կարգավիճակ ստանալու մասին մտածել: Այս պահանջով օրերս նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև: Կառավարությունում խոստացել են՝ ուսումնասիրել խնդիրը:

Լքված թաղամասի տխուր պատկերն ամբողջացնում են հատկապես Հացառատի ճանապարհները, որոնք վերջին անգամ վերանորոգվել են 1978 թվականի: Ջուրն էլ Հացառատում մեկ այլ ցավոտ պատմություն է: Ամռան ամիսներին վիճակն անտանելի է դառնում:«Տեցղական իշխանությունների ուշադրությունից Հացառատն ամբողջությամբ դուրս է մնացել. Քանդվածը քանդված է մնում, կիսատը չի լրացվում»,-դժգոհում է Թամարա Մադոյանը, ով քաջածանոթ է նաև թաղամասի միայնակ ծերերի վիճակագրությանը:

Սոլովյովա Մարիա Վասիլևնա, Հացառատի միայնակ ծերերից ևս մեկը: Նրան այստեղ գիտեն ու հարգում են բոլորը: 1950 թվականի ապագա մանկավարժուհին ռքւսաստանից գործուղվեց Կամո, տեղացու հետ ամուսնացավ, երեք զավակ ունեցավ: Մինչև 2006 թվականն աշխատում էր Հացառատի միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

Միայնակ կնոջն օգնում են հարևանները: «Հայերը ջերմ են, երբեք քեզ մենակ չեն թողնի: Նրանք ավելի լավ կյանքի են արժանի»,-ասում է Մարիա Վասիլևնան, հետո էլ ցավի ու ափսոսանքի մեծ զգացումով հավելում: «Մեր Հայաստանը լավ երկիր է, միայն թե այն շենացնեն»:

Գեղարքունիքի մարզի 49 համայնքները ճանաչվել են բարձր լեռնային գոտի, ինչպես նշում են տեղացիները, տարվա կեսն այստեղ ձմեռ է: 20 հազար աշխատատեղ ապահովող գործարանների գույքը վաղուց վաճառվել ու ոչնչացվել է: Այնպես որ դրանք վերագործարկելու մասին այստեղ չեն են մտածում: Մարզի մոտ 250 հազր բնակիչներից 17-20 հազարն ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող մեխանիզացիայի գները չափազանց բարձր են ու ենթարկվում են միայն դրանց սեփականատերերի տրամաբանությանը: Գների թանկության վերաբերյալ նրանք էլ ունեն իրենց հիմնավոր ու անհիմն պատճառաբանությունները: Այս ամենի արդյունքում ՝ Գեղարքունիկի մարզում այսօր անմշակ են հողերի մոտ 30 տոկոսը: Հացառատում այս ամենին գումարվում են նաև վերոնշյալ ներքին խնդիրները՝ սարասփելի ճանապարհներ, ավերակ դպրոց ու մանկապարտեզ: Իրենց տարատեսակ խնդիրների լուծման միակ ելքն, ըստ հացառատցիների, Գավառից անջատվելն ու համայնքի կարգավիճակ ձեռք բերելն է: Այդ պահանջով նրանք օրերս բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև: Կառավարությունում խոստացել են՝ ուսումնասիրել խնդիրը:

Back to top button