Մշակույթ

Թբիլիսիիում այս կիրակի արդեն 100-րդ անգամ կնշեն սայաթնովյան «Վարդատոնը»

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Թբիլիսիիում այս կիրակի արդեն 100-րդ անգամ կնշեն սայաթնովյան «Վարդատոնը»: 100 տարի անընդմեջ մեծ քնարերգուի երկրպագուները մեկական վարդ են դնում նրա շիրիմին ու ըմբոշխնում Սայաթ-Նովայի թողած հրաշալի ժառանգությունը: Ամեն տարի այդ օրը մի շարք այլ երաժտական գործիքների կողքին հնչում է քամանչան, որը աշուղի ուրախության ու տխրության, սիրո ու տառապանքի անբաժան ուղերկիցն էր:

Այսօր Թբիլիսահայ միակ քամանչահարը Սերգեյ Քամալյանը, որ արդեն 90 մոտ ծերունի է, այս կիրակի ավելի քան հիսուն տարի ընդմիջումից հետո, չի մասնակցի, «Վարդատոնին». տոնից աառաջ ոտքն է կոտրվել:

Թբիլիսահայ միակ քամանչահարը` Սերգեյ Քամալյանը շուտով 90 տարին կբոլորի, սակայն չի պատրաստվում քամանչան վայր դնել: Ոգեվորված պատրաստվում էր «Վարդատոնին», ն վագում իր արդեն հնամաշ քամանչայի վրա ու վերհիշում Սայաթ Նովայի ստեղծագործությունները.
«Ինը տարեկանից նվագում եմ, սլուխ ունեի. երգում ու նվագում էի ու այդպես սկսեցի ռեստորանններում նվագել… »:

Ժամանակին Վրաստանում հարսանքիներին նախընտրում էին հենց Քամալյանին հրավիրել. «Իմ հետևից ման էին գալիս, ես էտ կարգի փեշակավոր եմ. թուրքերի մեջ թուրքերեն , վրացիների մեջ վրացերեն, հայերի մեջ հայերեն էի երգում. սա հանաք բան չի…»,-ասում է թբիլիսահայ քամանչահարն ու ավելացնում. «Վրաստանում իմ նմանը չկար»:

Սակայն այժմ մտահոգվում է, որ քամանչան կարծես թե այնքան էլ չի հետաքրքրում մարդկանց. Ափսոսում է, որ ոչ միայն քամանչայի, այլև թառի, դուդուկի ու ազգային մյուս նվագարանների հանդեպ հետաքրքրությունը մարում է:

«Քամանչան այսօր այլևս չեն գնահատում… գալիս են, ասում, որ ուզում են սովորել, հետո էլ չեն գալիս, իսկ ում էլ սովերցրել եմ, հիմա չկան»:
Թբիլիսահայ քամանչահարը տխրում է, որ այս տարի չի կարող Սայաթ Նովայի «Վարդատոնին» նվագել, սակայն լիահույս է, որ հաջորդ տարիներին տոնն առանց իրեն չի անցնի:

Back to top button