Հասարակություն

Առաջին պսակադրությունը՝ մայիսի վերջին. «մայիս-վայիսի» կարծրատիպը կոտրվում է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Սովորության համաձայն հայ ժողովուրդը մայիս ամսին պսակադրություն չի անում: Այնինչ իրականում մայիս ամսին հայ առաքելական եկեղեցին ոչ միայն չի արգելում պասակադրությունը, այլև խրախուսում է` հիշեցնելով, որ մայիսը հաղթանակների և ծաղկող գարնան անենագեղեցիկ ամիսն է: Իսկ ժողովրդի մեջ ձևավորված սովորությունը պարզապես ներշնչանք է և սնահավատություն: Ինչու են խուսափում մայիսյան հարսանիքներից: Որտեղ են թաքնված մայիս-վայիսի արմատները: Արդյոք այդ ամիսն իսկապես դժբախտություն է բերում, թե պարզապես ժողովրդի սնոտիապաշտության արդյուքն է:

Մայիսին հարսանիքներ գրեթե չեն լինում: Ժողովուրդն ասում է՝ մայիս-վայիս: Ասում է նաեւ՝ մայիս ամսին ամուսնանալ չի կարելի, այլապես` կդժբախտանաս: Բայց եթե որևէ մեկին հարցնես, ոչ ոք չի կարող հստակ պատասխանել, թե ինչու և որտեղից են գալիս այս սովորության արմատները: Պարզապես խուսափում են ու վերջ: Պատճառները հիմանականում գալիս են սնոտիապաշտությունից:
Մայիս ամսին պսակադրություն չի անում նաև ռուս եկեղեցին: Պատճառը` դարձյալ սնոտիապաշտությունն է, ասում է Նորք-Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը:

Դե իսկ մայիսին հարսանիք չանելու արմատները գալիս են հին ժամանակներից, բայց պատճառը ոչ թե դժբախտությունն է, այլ բերքի, այսպես կոչված, դեֆիցիտը:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երբ եկեղեցին արգելում է պսակադրությունը Մեծ Պահքի շրջանում, մարդիկ ավելի շատ նախընտրում են պսակվել Պահքի շրջանում, քան մայիս ամսին, որի ընթացքում եկեղեցին ոչ միայն չի արգելում, այլև հակառակը` հորդորում է: Ամեն դեպքում չնայած մեր ժողովրդի սնոտիապաշտությանը, վերջին տարիներին համապատասխան քարոզի արդյունքում զգալի շատացել են մայիսյան պսակադրությունները: Ի դեպ, Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանից էլ հետաքրքրվեցի, թե վերջին անգամ երբ է մասնակցել մայիսյան պսակադրության: Պարզվեց, որ չնայած մայիսն ավարտվում է, սակյան այսօր Ս. Աստվածածին եկեղեցում նախատեսվում է մայիսյան առաջին հարսանիքը:

Back to top button