Մշակույթ

«Այծ ծես» խորագրով նոր ներկայացում՝ Մնջախաղի թատրոնի խաղացանկում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մնջախաղի թատրոնը իր խաղացանկը համալրել է ևս մեկ ներկայացմամբ` «Այծ ծես» խորագրով: Ներկայացումը պատմում է ճահճում ապրող մարդկանց հոծ զանգվածի մասին: Ճահիճը նրանց համար դարձել էր սովորական բնակության մի վայր և ոչինչ չէր կարող խանգարել այդտեղ ապրող մարդկանց անդորրը:, եթե մի օր այս կողմերում չհայտնվեր մի օտարական, ով փնտրում էր իր խորհրդավոր զանգի կորսված լեզվակը…: Ներկայացման շարունակությունը կարող եք իմանալ մայիսի 26-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանալիք պրեմիերայի ընթացքում: Ի դեպ, ներկայացման համար գրվել է երաժշտություն, որի հեղինակը կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանն է: Մնջախաղի թատորնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը խոսել է նաև այս տարի կազմակերպվելիք փառատոնի մասին:

Միակ հայկական ազգային թատերական ժանրը` մնջախաղի թատրոնը, իր խաղացանկը համալրեց «Այծ ծես» խորագրով ևս մեկ ներկայացմամբ: Սա խաղացանկի այն բեմադրություններից է, որի համար կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանը գրել է երաժշտություն:Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով` երաժշտությունը մեղեդային է, ժամանակակից, և ներկայացմանը համահունչ: «Մնջախաղի բեմադրություն անելն իրականում չափազանց բարդ խնդիր է բեմադրիչի համար, հատկապես իմ պարագայում: Ես միշտ փորձում եմ մոտենալ այնպես, որ զրոյացնեմ բոլոր հաշվիչները, այնպես ոնց որ կյանքում ոչինչ չես արել, զրոյից պետք է փորձես մի բան անել, և հենց այդ պատճառով դա ոնց որ ձեռքի հյուսած աշխատանք լինի, և այս դեպքում երաժշտությունն էլ հյուսվեց ամբողջ բեմադրությանը»:

Ներկայացման սցենարի հեղինակը Աննա Շիրինյանն է: Նկարիչ ձևավորողը Շանիկ Շահիրյանը: Թիմային աշխատանքի արդյունքում ծնված ներկայացման ընթացքում երգում է երաժշտության հեղինակ Վաչե Շառաֆյանը, ում պրեմիերաները կայանում են հիմնականում արտերկրում:

Այս ներկայացման երաժշտությունն առաջին անգամ հնչել է կոմպոզիտորի` Միացյալ նահանգներում կայացած հեղինակային երեկոյի ընթացքում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հիշեց իրենց համատեղ ևս մեկ աշխատանք` «Շերանիկ» ներկայացումը, որը բեմադրվել է Վաչե Շառաֆյանի ստեղծագործությունների հիման վրա: Վերջին երկու տարիների ըթացքում այս ներկայացումը տեխնիկական խնդիրների պատճառով դուրս էր մնացել խաղացանկից, սակայն այս տարի, թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով, այն նորից կներառվի: Ամեն հինգշաբթի մնջաղախի թատրոնը խաղում է իր ներկայացումները: Փորձում և բեմադրում են նորերը, վերականգնում հները: Այս տարի էլ թատրոնը նախապատրաստվում է փառատոն կազմակերպել: Ժիրայր Դադասյանը ցավով է նշում, որ փառատոնի բյուջեն չի վերանայվում և շարունակում է մնալ նույնը: Այս տարվա փառատոնը, ինչպես նախորդները, պատրաստվում են այն կազմակերպել մինիմալ պայմաններով, եթե չգտնվեն հովանավորներ:

Օգոստոսի 10-ից 15-ը նախատեսվում է փառատոնը կազմակերպել Ծաղկաձորում, որին կմասնակցեն նաև արտերկրյա թատրոնի դերասաններ:

 

 

Back to top button