Մշակույթ

Վահան Միրաքյանի հուղարկավորությունը՝ մայիսի 26- ին

Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում, հայտնում են կառավարական հանձնաժողովից։ Հայտնի արտիստը վախճանվել էր մայիսի 6-ին 79 տարեկան հասակում ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։

Անցյալ դարի 50-70-ական թվականներին հայկական օպերային արվեստն ունեցավ բազմաթիվ տաղանդաշատ երգիչների աստղաբույլ, որոնց թվում փայլեց նաև Վահան Միրաքյանի աստղը: Նրա մարմնավորած յուրաքանչյուր նոր դերերգ դառնում էր երաժշտագետների ու թատերագետների, ինչպես նաև օպերային արվեստի երկրպագուների հիացմունքի ու գնահատանքի առիթ:

Լենսկի /Պ.Չայկովսկի «Եվգենի Օնեգին»/, Հերցոգ /Ջ.Վերդի «Ռիգոլետո»/, Ալֆրեդ /Ջ.Վերդի  «Տրավիատա»/, Սարո /Ա.Տիգրանյան «Անուշ»/, Սայաթ-Նովա /Ալ.Հարությունյան «Սայաթ-Նովա»/, Էդգար /Գ.Դոնիցետտի «Լուչիա դի Լամերմուր»/, Խոսե /Ջ.Բիզե «Կարմեն»/, Ռուդոլֆ /Ջ.Պուչչինի «Բոհեմ»/, Պոլիոն /Վ.Բելլինի «Նորմա»/.ահա Վահան Միրաքյան արվեստագետի  մարմնավորած դերերգերի ոչ լրիվ ցանկը:

Նրա համբավը շատ արագ դուրս եկավ Հայաստանի սահմաններից, նշանավոր տենորը շրջագայեց բազմաթիվ երկրներում` գրանցելով մեծագույն հաջողություններ` տարածելով հայ վոկալ արվեստի փառքը Խորհրդային Միության, եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավային Ամերիկայում:

Բարձր են գնահատվել Վ.Միրաքյանի ծառայությունները հայկական երաժշտաթատերական արվեստի բնագավառում: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների, 1976 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում:

1980- ականներից սկսած Վ.Միրաքյանն իր բեղմնավոր գործունեությունը շարունակեց Վիեննայում, ապա` ԱՄՆ-ում, որտեղ և կնքեց իր մահկանացուն:

Back to top button