Սպորտ

Շուրջ 25.000 շրջանավարտի համար այսօր հնչեց վերջին զանգը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հանրապետությունում այսօր հնչել է հնչել է վերջին զանգը, որը շուրջ 25.000 շրջանավարտների կճանապարհի դեպի նոր կյանք: Յուրաքանչյուր դպրոցում վերջին դասն անցկացվել է յուրովի: ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարվա շրջանավարտներին ևս սպասվում են տոնական միջոցառումներ և ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախարարությունն ու ոստիկանությունը հորդորել են լինել հնարավորինս զգուշավոր`դժբախտ պատահարներից խուսափելու համար:

Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր հնչեց վերջին զանգը: Վերջին զանգ, վերջին դաս, աշակերտ լինելու վերջին հնարավորություն: Շրջանավարտները շտապում են ավարտական հանդիսությանը, սակայն անհնար է թաքցնել նաև թախիծը: Ի վերջո հրաժեշտ են տալիս մի ոչ միայն իրենց հարազատ դպրոցին, այլև ոտք են դնում մի նոր և ավելի պատասխանատու կյանք:

Շրջանավարտների հուշերում դեռ թարմ են անցած տարիներն ու դպրոցական անմոռաց օրերը: Չեն թաքցնում` շատ են սպասել այսօրվան, բայց և գիտակցում են` անցյալում են թողնում շատ թանկ և կարևոր մի բան:

Հուզմունքը չէին թաքցնում նաև ուսուցիչները: Շատ պատասխանատու օր է նաև նրանց համար:

Համբարձում Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանը արդեն 22 տարի է շրջանավարտներին ճանապարհում է դեպի նոր և ավելի մեծ կյանք: Թվում է, թե վերջին զանգն իր համար պետք է դարձած լինի սովորական մի օր, սակայն ինչպես խոստովանեց Ռադիոլուրի հետ զրույցում, վերջին զանգն իր համար ամեն անգամ դառնում է` ինչպես առաջին անգամ:

Հանրապետության մի շարք դպրոցների հետ այսօր վերջին զանգը հնչեց նաև Փոքր Մհեր կրթահամալիրում: 260 սաներից 37-ն այսօր ավարտեցին կրթահամալիրը: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, այստեղ վերջին դասին ոչ երգում էին և ոչ էլ արտասանում: Նրանց տոնական ներկայացումն ուղեկցվում էր ուսումնամարզական ցուցադրական ելույթներով: Շատ պատասխանատու օր է նաև վարժարանի տնօրեն Արա Մուրադյանի համար: Նա վստահ է, որ դեպի նոր կյանք է ճանապարհում հայրենիքի վստահելի և իսկական պաշտպանների:

Շրջանավարտներից և տնօրենից ոչ պակաս հպարտ և հուզված են նաև ծնողները: Եվ կարևոր չէ, թե հանրապետության որ դպրոցը ապագա ինչ մասնագետներ են ավարտում: Վերջին զանգի օրը աշակերտներից շատերի ցանկությունը մեկն է` վերադարձնել մանկության անմոռաց օրերն ու դպրոցական տարիները: Բայց առջևում նրանց սպասվում է մեծ քննություն. ոչ դպրոցական, այլ ինքնահաստատման ու ինքնակայացման: Բոլոր շրջանավարտներին շնորհավորում ու հաջողություն է մաղթում նաև «Ռադիոլուր»-ը:

Back to top button