Հասարակություն

Ինչպես մեղմել ածխածնային արտանետումները. կլոր սեղան-քննարկում՝ Երեւանում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ինչպես մեղմել ածխածնային արտանետումները Հայաստանում, որոնք նպաստում են կլիմայի փոփոխություններին: Այս հարցի շուրջ կլոր-սեղան քննարկում է այսօր կազմակերպել Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովի «Այլընտրանքային էներգետիկայի զարգացում եւ էներգախնայողություն» ենթահանձնաժողովը: Քննարկմանը հրավիրված շահագռգիռ կողմերի ներկայացուցիչները խոսել են «Հայաստանում ցածր ածխածնային զարգացման անցնելու» խնդիրների մասին: Քննարկմանն աջակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակները:

Ինչպիսին են Հայաստանում ցածր ածխածնային զարգացման հեռանկարները: Սա պարզելը քննարկման հիմնական նպատակն է: Դրանից զատ` մասնագիտական քննարկումները պետք է հստակեցնեն ցածր ածխածնային զարգացման հայաստանյան հնարավորությունները: Այն, որ որոշակի ներուժ այդ առումով Հայաստանում կա` մասնագետները չեն ժխտում, սակայն, հավելում են, որ դրանց զարգացման համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանի փոխանցմամբ` թեպետ հսկայական միջոցներ են անհրաժեշտ խնդիրների լուծման համար, սակայն մեկ բան հաստատ է.«Վնասները գերակշռում են օգուտներին»:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի փոխանցմամբ` մեր երկիրը հաստատել է ռազմավարություն, թե ինչ ուղղությամբ պետք է էներգետիկան զարգացնել: Շատ բան արված է, սակայն կան խնդիրներ եւ գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ:
Դրանցում կան կետեր, որոնք վերաբերում են նաեւ քննարկվող թեմային: Օրինակ` էլեկտրատրանսպորտի զարգացում: Այս կարգի այլ միջոցառումներ նույնպես նախատեսված են, որոնք մեկ նպատակի կծառայեն. «Կնպաստեն Հայաստանի էներգետիկայի ազդեցությունը արտաքին մթնոլորտի վրա նվազեցնելուն»:
Հայաստանի բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի կարծիքով` համապատասխան ֆինանսական միջոցների դեպքում միայն հնարավոր կլինի ջերմոցային գազերի կրճատման գործում մասնակցություն ունենալ:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի համար էներգոխնայողության ուղղությունը նույնպես շատ կարեւոր է: Այսօր այդ ուղղությամբ Հայաստանում շատ քայլեր արվում են: Կարծում եմ` քննարկումները շատ կօգնեն մեզ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար»:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Կլեր Մեդինայի խոսքով` ծրագրի իրականացման շրջանակներում լինելու են տարբեր աջակցման կազմակերպություններ, որոնք կտրամադրեն տեխնոլոգիական, ֆինանսական եւ այլ աջակցություն:

Back to top button