Միջազգային

ԵԽԽՎ-ն կպատժի Ադրբեջանին՝ ԼՂ այցելած գործչի մուտքը երկիր արգելելու համար

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովների ոչ մի հանդիպում չանցկացնել: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Նման որոշման պատճառ է դարձել այն, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22-23-ը Բաքվում ԵԽԽՎ Բյուրոյի ու Մշտական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1-ին: Որոշումը չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պարագայում:

ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի և Փարիզի արձանագրությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնմխելիությունն ու ազատ տեղաշարժը:

Նման արգելքը ԵԽԽՎ Բյուրոն կարող է հանել այն դեպքում, եթե ադրբեջանական իշխանությունները երաշխավորեն Ադրբեջանում գործարար վեհաժողովի համար ճամփորդություն իրականացնելու ժամանակ վեհաժողովի անդամների տեղաշարժման ազատությունը:

Նշենք, որ Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է: Նա նաև ֆրանս-ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ է: ԼՂ այցից հետո Ադրբեջանը նրան persona non grata է հայտարարել:

Back to top button