Հասարակություն

ԱԻՆ նոր քաղաքականությունը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ԱԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորանշանակ պետն այսօր լրագրողներին ներկայացրել է իր վարչության նոր քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները: Տեսչությունը ոլորտի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար իրականացնում է մի շարք միջոցառումներ: Տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը լրագրողներին է ներկայացրել նաև վերջին շրջանի բացահայտումները:

Վերջին շրջանում Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիների կողմից ստացել է ահազանգեր, որ անհայտ ընկերություններ ներկայանում են հրդեհային և տեխնիկական անվտանգության աշխատակիցներ և կատարում չարաշահումներ:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորանշանակ պետը` Աշոտ Մկրտչյանը, համապատասխան կառույցների հետ արդեն աշխատանքներ է տանում` հայտնաբերելու այն ընկերություններին, որոնք կարող են հանդես գալ իրենզ տեսչության անվան տակ: Հետազոտությունների արդյունքում Երևանում հայտնաբերվել է 13 անհայտ անուններով ՍՊԸ-ներ, որոնք նմանեցնելով արտակարգ իրավիճակների աշխատակիցների համազգեստները, ներկայանում են նախարարության աշխատողներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության համազգեստով և վկայականով անձինք կարող են կատարել իրենց լիազորությունները, հայտարարում է նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: Իսկ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը նշում, որ նման լիազորություններ կատարելու իրավունք ունեն «Գազպրոմ Արմենիա»-ից մի քանի ընկերություններ` օրինակ`դրանց ներկայացուցիչներից ծխնելույզագործները: Իսկ հանրապետությունում գործում է նման 9 կառույց:
Խոսելով բազմաբնակարան ու նորակառույց շենքերի հակահրդեհային կանոնների անվտանգության մասին` տեսչության պետը նշեց, որ շատ հաճախ ուշանում են նման շենքերի`շահագործման հանձնելու գործընթացները, քանի որ հաճախ են լինում հակահրդեհային կանոնների հետ կապված թերություններ: Իսկ այդ բացը շտկելու համար տեսչության պետը բարձրաձայնեց նախարար Արմեն Երիցյանի առաջարկը:

«Առաջարկվեց մինչև նախագծերի փորձաքննության անցնելը, ներկայացվի տեսչություն, որպեսզի մենք կարողանանք գոնե հպանցիկ ուսումնասիրել այդ նախագծերը և հիմնական այն թերությունները, որոնք հետագայում ի հայտ են գալու, նշենք կառուցողին և զգուշացնենք, որ շինարարության կառուցման ժամանակ ուշադրություն դարձնեն այդ թերությունների վրա»:

Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար իրականացնում է հատուկ միջոցառումներ: Աշխատակիցներին են բաժանվել նկարահանման հնարավորություններով հեռախոսներ, որոնք էլ հրդեհը տեղում նկարահանում են և օնլայն կապով ուղարկում ճգնաժամային կառավարման կենտրոն:

Օրենսդիրը հակահրդեհային կանոնների խախտման համար սահմանել է խիստ տուգանքներ և այս տարի արդեն արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մոտ չորս ու կես միլիոն դրամի չափով տուգանվել են գազալցակայանները:

Back to top button