Վերլուծական

Քաղաքագետը ՄԽ համանախագահների միջեւ տարաձայնություններ է նկատում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Աշխարհաքաղաքական ակտիվ վերադասավորումները, ըստ ամենայնի, անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան  խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը որոշակիորեն աշխուժացավ ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքի 6-կետանոց հայտնի հայտարարարությունից հետո, որը տարբերվում էր բանակցային սեղանին առկա փաստթղթից, այսօր ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։

Թեպետ ադրբեջանական կողմը, ի տարբերություն հայկականի, ընդհանուր առմամբ ավելի ջերմ ընդունեց այդ դիտարկումները, այնուամենայնիվ՝ Մինսկի խմբի համանախագահներին Բաքվում չընդունեցին թե նախագահը, թե արտգործնախարարը, որոնք միասին մեկնել էին Վիետնամ, իսկ այնտեղից՝ Չինաստան:

Այս ազդակների ստորջրյա քարերի առկայությունը մտորելու տեղիք է տալիս: Ելնելով վերջին զարգացումներից՝ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Մադրիդյան սկզբունքները, չապահովելով որևէ առաջընթաց բանակցություններում, այլևս անկենսունակ են: Մյուս կողմից՝ միջնորդական առաքելությունը կրում է ոչ միայն բովանդակային, այլ նաև գործնական փոփոխություններ: Մասնավորապես՝ Ֆրանսիան որոշել է փոխել իր համանախագահին՝ Մինսկի խմբում։

Վերջին զարգացումները բարդացրել են բանակցային գործընթացը ՝ ուկրաինական քարտի շահարկումների ազդեցությամբ ռուս-արևմտյան հարաբերությունների սրացման ֆոնին, համոզված է քաղաքագետը։ Մինսկի խմբի համանախագահների միջև տարաձայնությունները վկայում է մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության նոր գոտու մասին՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի, որը կարող է դառնալ խաղաքարտ ընթացող քաղաքական առևտրի մեջ։

Հրանտ Մելիք- Շահնազարյանը չբացառեց, որ բանակցային գործընթացի ձգձգումը պայմանավորված է մոտ օրերս հիմնվող Եվրասիական տնտեսական միությամբ։ Ամեն դեպքում՝ Ռուսաստանի կողմից  ղարաբաղյան գործընթացում դիրքերի հնարավոր զիջման պարագայում կթուլանա այդ երկրի ազդեցությունը նաև Հյուսիսային Կովկասի սեփական տարածքում, հավելեց բանախոսը։

Back to top button